Հունաստանը համոզված է, որ կստանա ԵՄ և ԱՄՀ վարկերի հերթական 31.5 միլիարդ տրանշը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասին:
Ստուրնարասը հայտարարել է, որ անհանգստանալու պատճառ չկա: «Հունաստանն արել է այն, ինչ պետք է աներ, և համոզված եղեք, որ Եվրոպան կանի այն, ինչ պետք է, և տրանշը կհատկացվի»,- ասել է նախարարը:
Հունաստանի խորհրդարանը հաղթահարել է հիմնական խոչընդոտը նոր տրանշ ստանալու ճանապարհին՝ ընդունելով նոր նախագիծ, որի համաձայն՝ առաջիկա տարիներին պետական ծախսերը կրճատվելու են 13.5 միլիարդ եվրոյով:
Ակնկալվում է, որ կիրակի Հունաստանի խորհրդարանը օրենք կընդունի 2013 թ. բյուջեի վերաբերյալ, ինչը նույնպես տրանշ ստանալու նախապայմաններից է:










































