Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

«Անտեր եմ, մեջքիս մարդ չունեմ». Կառլենը 4 անգամ ինքնասպանության փորձ է արել ու մնացել ողջ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Կառլեն Խ.-ի գործի դատական քննությունը:

Դատարանը կայացրել է արդարացման դատական ակտ՝ համակողմանիորեն հիմնավորելով ամբաստանյալի արարքում հանցակազմի բացակայությունը:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 32-ամյա Կառլենը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը ծանր հանցագործության վերաբերյալ մտացածին ու կեղծ է, 2013 թվականի փետրվարի 7-ին, ժամը 17-ին գրավոր հաղորդում է տվել, թե նույն օրը, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Նոր Նորքի 7-րդ զանգվածի Ավետիսյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում վիճաբանել է անհայտ անձի հետ, որի ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է իր որովայնի շրջանին՝ պատճառելով որովայնի ձախ զստափոսի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով մարմնական վնասվածք, և դիմել է փախուստի:

Հաջորդ օրը՝ փետրվարի 8-ին, Կառլենը հարցաքննվել ու հայտնել է, որ իրականում 2013 թվականի փետրվարի 7-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում ինքը գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, տնից վերցրել է իրենց խոհանոցային դանակը, գնացել է Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող «Պիոներ պալատին» հարող տարածք, ինքնասպան լինելու նպատակով ձախ ձեռքով հագուստը բարձրացրել ու աջ ձեռքում եղած դանակով մեկ անգամ հարվածել է իր որովայնի զստափոսի շրջանին՝ ինքն իրեն պատճառելով ծակած-կտրած թափանցող վերքի ձևով ծանր մարմնական վնասվածք:

Ինքնասպանության փորձ կատարած Կառլենին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

Դեպքի հաջորդ օրը տված նախաքննական ցուցմունքում Կառլենը հայտնել է, թե կնոջ հետ 11 տարվա համատեղ կյանքի ընթացքում ունեցել է 2 երեխա: Մշտական աշխատանք չի ունեցել, նախկինում աշխատել է անվադողերի վերանորոգման կետում: Վերջին շրջանում տաքսի է վարում:

Դեպքից շուրջ մեկ ամիս առաջ վիճել էր կնոջ հետ: Պատճառը իր կողմից ոգելից խմիչքի չարաշահումն էր: Կինը որոշել էր բաժանվել իրենից:

Ընտանեկան վիճաբանության ժամանակ փոխադարձաբար հարվածել էին միմյանց՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ պատճառելով:

Հետագայում կնոջ նկատմամբ քրեական գործ չէր հարուցվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Իսկ Կառլենի նկատմամբ հարուցված գործի վարույթը դատարանում կարճվել էր՝ տուժող կնոջ հետ հաշտվելու հիմքով:

Փետրվարի 7-ին Կառլենը տուն է վերադարձել ու տեսել, որ կինը հավաքել է իրերն ու երեխաներին և պատրաստվում է հեռանալ բնակարանից:

Կառլենը հարցրել է՝ ո՞ւր է գնում նա, ինչո՞ւ է գնում:

Կինը պատասխանել է, թե այլևս նրա հետ չի ապրելու, և երեխաների հետ դուրս է եկել բնակարանից:

Նրանց գնալուց հետո Կառլենն իջել է խանութ, մի շիշ օղի է գնել, տարել տուն ու նստել է միայնակ խմելու:

Տանը միայն մայրն է եղել, ով սկսել է խմելու համար նախատել Կառլենին:

Ինքն իրեն վնասելու, կյանքից զրկելու մտադրությամբ Կառլենը վերցրել է կանաչ բռնակով խոհանոցային դանակը՝ մոտ 10 սմ շեղբի երկարությամբ:

Քանի որ մայրը տանն է եղել, Կառլենը չի ցանկացել ինքնասպանությունը տանն ի կատար ածել:

Ըստ Կառլենի՝ մայրը տարիքով կին էր, նման բան տեսնելով՝ կարող էր վատանալ: Բացի դրանից՝ իր մտադրությունն ինքնասպան լինելու վերաբերյալ դեռ վերջնական չէր, այդ պատճառով էլ որոշել է տնից դուրս գալ մաքուր օդի, մտածել է՝ կարող է և փոշմանել ու հետ կանգնել մտադրությունից:

Տանից դուրս գալով՝ գնացել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող «Պիոներ պալատի» ուղղությամբ:

Հասնելով ռազմական ակադեմիայի հարակից տարածք, իրեն հուսահատված ու նեղված զգալով, մտածելով, թե ինքն այլևս ոչ ոքի պետք չէ՝ որոշել է այնուամենայնիվ ինքնասպանություն գործել:
Հետը վերցրած դանակը հանել է, պահել աջ ձեռքում, ձախ ձեռքով բարձրացրել է հագի շորերը ու դանակով խփել է իր որովայնի շրջանին:

Բայց չի ընկել ու սպասել, թե երբ է մեռնելու: Մոտեցել է ճամփեզրին գտնվող բենզալցակայանին: Աշխատողները տեսնելով, որ որովայնի շրջանում արյան հետքեր կան, Կառլենի խնդրանքով զանգել են շտապօգնություն:

Շտապօգնության անձնակազմը նրան տեղափոխել է հիվանդանոց: Վիրահատել են, փրկել են կյանքը:

Կառլենն ասել է, թե դանակը գցել է հենց դեպքի վայրում: Դանակը հայտնաբերվել է, կցվել քրեական գործին:

Կառլենը արդեն փետրվարի ութին զղջացել է սուտ ասելու համար, ներկայացրել է իրականությունը:

Նա ասել է, թե ալկոհոլի օգտագործման հետ կապված՝ հաշվառման մեջ է եղել նարկոլոգիական դիսպանսերում:

Նշել է, թե իրեն ոչ ոք ինքնասպանության չի դրդել, իր որոշումը կապված է եղել կնոջ ու երեխաների հեռանալու, ինչպես նաև հուսահատված, կյանքից նեղված լինելու հանգամանքով:

Ըստ Կառլենի՝ նախկինում էլ խմիչք օգտագործելու պատճառով կինը վիճել է իր հետ, հեռացել, ապա վերադարձել է:

Կնոջ հեռանալուց ազդվելով՝ նախկինում էլ է կատարել ինքնավնասման փորձեր: Դա կատարել է ընկճվածության արդյունքում: Ընտանեկան վեճերի պատճառը եղել է իր կողմից ոգելից խմիչքի չարաշահումը:

Կառլենի կինը հայտնել է, թե 2012 թվականից իրենք փաստացի ամուսնալուծված են:

Երբ իրեն զանգել է սկեսուրը և հայտնել, թե Կառլենին դանակահարել են, ինքը չի զարմացել: Նա խմող էր, խմած ժամանակ չէր գիտակցում իր արարքների վտանգավորությունը, անցյալում էլ եղել են դեպքեր, երբ նա ինքն իրեն վնասվածքներ է պատճառել: Իր հեռանալու հետ կապված՝ Կառլենը նախկինում երեք անգամ ինքնավնասումներ է կատարել՝ կտրել է ձեռքի երակները: Նա ինքնավնասում էր կատարում, որ իրեն վերադարձնի:

Կինն ասել է, թե ինքնավնասում կատարելը Կառլենի համար արտասովոր արարք չէր:

Կինը ճանաչել է ներկայացված դանակը, ասել է, թե դա իրենց խոհանոցային դանակն է:

Նա նշել է, թե Կառլենը շրջապատի հետ լեզու չի գտնում, անգամ ընկերներ չունի, բայց դժվար թե այնպիսի թշնամիներ ունենար, որ նրա մահը ցանկանային:

Կինն ասել է, թե երեխաները նախկին ամուսնու ընտանիքի խնամքի տակ են:

Կառլենի մայրը նախաքննության ժամանակ հայտնել է, թե Կառլենն իր և ամուսնու հարազատ որդին չէ: Նրան որդեգրել են: Նա ամուսնացել է 2001 թվականին: Քանի որ գրեթե ամեն օր խմում էր, ընտանիքում անընդհատ վիճաբանում էին: Ալկոհոլի ազդեցության տակ Կառլենը դառնում էր անկառավարելի, չէր գիտակցում արարքների լրջությունը:

Դեպքի օրն ինքը խնդրել է, որ նա չխմի, իսկ Կառլենն ասել է. «Բա ի՞նչ անեմ, անտեր եմ, մեջքիս մարդ չունեմ»: Նա շարունակել է խմել ու… լաց լինել…

Նա անհավասարակշիռ է, ինքնասպանություն գործելու հակում ունի. երկու անգամ կտրել է երակները, մեկ անգամ փորձել է կախվել, բայց պարանը կտրվել է:

Մայրը հայտնել է նաև, որ Կառլենի անհավասարակշռության պատճառ է դարձել նաև այն, որ նա վերջերս է տեղեկացել, թե իրենց հարազատ տղան չէ, որդեգրված է, դրանից հետո խմում է, հիշում այդ փաստը ու բոլորին մեղադրում: Սթափ վիճակում նա օրինակելի մարդ է:

Կառլենի հայրը հայտնել է, որ Կառլենին որդեգրել են նորածին ժամանակ՝ 1981 թվականին: Իմանալով, որ որդեգրված է, Կառլենը անհավասարակշիռ է դարձել: Հայրը հայտնել է, թե չի շփվում Կառլենի հետ, վերջինս իրեն օտար մարդ է համարում…

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ նախաքննական մարմինը նախ՝ Կառլեն Խ.-ի՝ 2013 թվականի փետրվարի 7-ի հաղորդման հիման վրա այլ անձի կողմից նրան ծանր մարմնական վնասվածք հասցնելու ուղղությամբ գործի հանգամանքների բազմակողմանի ու լրիվ հետազոտմանը և գնահատմանն ուղղված պատշաճ միջոցառումներ չի ձեռնարկել, դեպքին ականատես որևէ անձի հայտնաբերելու, հարցաքննելու ուղղությամբ անհրաժեշտ ու բավարար գործողություններ չի կատարել, չնայած դեպքի վայրը մարդաշատ վայր է եղել:

Դրանով հանդերձ՝ նախաքննական մարմինը այլ անձի կողմից ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը հերքող որևէ պատշաճ դատավարական փաստաթուղթ, ասենք՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում էլ չի կայացրել, իրավական գնահատական չի տվել:

Հետևաբար, ըստ դատարանի եզրակացության, Կառլենից վերցված սկզբնական տեղեկությունը պաշտոնապես հերքված չէ: Նման պայմաններում միանշանակ պնդել, թե անձը հաղորդել է սուտ տեղեկություններ, հնարավոր չէ:

Մինչդեռ Կառլենի նկատմամբ հանցագործության մասին սուտ հաղորդում տալու համար հետապնդում հարուցելու և իրականացնելու համար պետք է նախ իրավական գնահատական պարունակող որոշմամբ հերքվեին նրա հաղորդման մեջ նշված ենթադրյալ հանցագործության մասին տեղեկությունները:

Դատարանը նշել է, թե ինքնին այս հանգամանքը կարող էր հիմք հանդիսանալ Կառլենի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համար:

Սակայն դատարանը ավելի է խորացել, հաշվի է առել նաև այն, որ սուտ մատնությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորությամբ: Հակառակ դեպքում անձը տվյալ արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկվել չի կարող, քանի որ առկա չի լինի հանցակազմի սուբյեկտիվ կողմը:

Ըստ նախաքննական մարմնի՝ Կառլենը հանցագործության մասին սուտ հաղորդումը տվել է 2013 փետրվարի 7-ին, ժամը 17-ին:

Սակայն համաձայն քրեական գործի նյութերի՝ Կառլենը ժամը 16-ն անց 45 րոպեից գտնվել է վիրահատարանում, ենթարկվել է վիրահատության: Այսինքն, Կառլենը եղել է ոչ միայն ոգելից խմիչքի ազդեցության տակ, այլև ծանր մարմնական վնասվածքից առաջացած շոկի ու անզգայացնող դեղերի ազդեցության տակ:

Ըստ դատարանի եզրահանգման՝ ողջամտորեն հնարավոր չէ արձանագրել, թե Կառլենը նման պայմաններում ունեցել է անհրաժեշտ գիտակցական կամ կամային գործունեության բավարար մակարդակ, որպեսզի ի վիճակի լիներ սուտ հաղորդում տալով՝ ուղղակի դիտավորությամբ ոտնձգել իրավապահ մարմինների նորմալ գործունեությունն ապահովող հասարակական հարաբերությունների դեմ:

Վիրահատության անմիջապես հաջորդ օրը, երբ գիտակցությունը տեղն է եկել, նա տվել է ճշմարիտ տեղեկություններ իր կողմից մարմնական վնասվածք ստանալու հանգամանքի մասին, ասել է, որ ինքն է իրեն դանակով հարվածել: Վարույթն իրականացնող մարմինը դրա վերաբերյալ որևէ ապացույց չի ունեցել, դա հայտնել է ինքը՝ Կառլենը:

Դատարանն արձանագրել է, որ եթե մինչև անգամ ընդունվի, թե Կառլենի տված սկզբնական հաղորդումը պատշաճ ապացույց է, ապա հարկ է նկատել, որ ոչ թե Կառլենն է գնացել ոստիկանություն, ներկայացրել հաղորդում, այլ դեպքի մասին իրավապահներին տեղեկացրել են բժիշկները: Ոստիկաններն են գնացել հիվանդանոց ու հաղորդում են վերցրել:

Մի՞թե անձը այդքանը գիտակցել է, որ ծանր մարմնական վնասվածք ստանալուց հետո ինքը կհայտնվի հիվանդանոցում, իրավապահները կգնան այնտեղ ու իրենից հաղորդում կվերցնեն:
Դատարանը, այսքանից հետո, նույնիսկ ՀՀ Սահմանադրության լույսի ներքո է վերլուծել ամբաստանյալին մեղսագրված արարքը: Ըստ սահմանադրական պահանջի՝ անձն իրավունք ունի ցուցմունքներ չտալու իր, իր մերձավոր ազգականների դեմ:

Այս գործով, եթե հիմք ընդունվի, թե Կառլենը կատարել է ինքնասպանության փորձ, ապա նա պարտավոր չէր ցուցմունք տալ ու հայտնել ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքների մասին, քանի որ այն կարող էր մարդու համար կրել, մասնավորապես, նվաստացուցիչ բնույթ՝ տարբեր սոցիալական, հոգեբանական գործոններից ելնելով:

Դատարանի եզրահանգմամբ՝ նման պայմաններում, երբ անձը քողարկված կերպով օգտվել է իր դեմ չվկայելու իրավունքից, եթե նույնիսկ գործել է դիտավորությամբ, իր կողմից կատարված արարքը վերագրել է անորոշ անձի ու չի ցանկացել կամ ապացուցված չէ, որ ուղղակի դիտավորությամբ ոտնձգել է իրավապահ մարմինների նորմալ գործունեությունն ապահովող հասարակական հարաբերությունների դեմ, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով նա ենթակա չէ պատասխանատվության:

Ընդհանուր իրավասության դատարանը Կառլեն Խ.-ին ճանաչել է անպարտ և արդարացրել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Կառլենն իրեն երջանիկ մարդ համարելու բոլոր հիմքերն ունի: Նախ՝ նորածին է եղել ու նրան որդեգրել, մեծացրել են ընտանիքում, ոչ թե մանկատներն է ընկել ու զգացել որբության իրական դառնությունը: Նրա 32-ամյա տարիքում արդեն ուշ է ու անիմաստ է չկրած որբության համար արտասվելը, վիշտը, իբր թե, խմիչքի մեջ խեղդելը:

Նա չորս անգամ, փաստորեն, ինքնասպանության փորձ է արել: Մինչև հիմա ողջ է: Ուրեմն՝ մեռնելու ոչ մի ենթադրյալ պատճառ չպետք է նրան հինգերորդ անգամ ինքնասպանության մղի, ապրելը ավելի մեծ տղամարդկություն է պահանջում:

Կառլենը ոչ թե ինքն իրեն ու հարազատների կյանքը պիտի թունավորի խմիչքով, ոչ թե իր երեխաներին պիտի դատապարտի որբության՝ մի բանի, որից ինքը տանջվում է անգամ երեսունն անց տարիքում, այլ պիտի ամեն ինչ անի իր երեխաների համար հետայսու արժանի հայր լինելու, նրանց երջանիկ ու արժանապատիվ մեծացնելու համար:

Կան մարդիկ, որ խմած վիճակում հարազատ մորն են սպանում, ոչինչ չեն գիտակցում, իսկ Կառլենը մտահոգվել է մորը չվշտացնելու համար, դանակն առել ու տնից գնացել է: Ուրեմն կարող է արժանի զավակ լինել, հաշտվել իրեն մեծացրած ծնողների հետ, երեխաներին իրական հայրություն անել:

Իսկ կինը կհաշտվի, թե ոչ՝ դա արդեն իրենց երկուսի գործն է, ու հաստատ ինքնասպանություն գործելու պատճառ չէ տղամարդու համար:

Դատարանով արդարացվելը Կառլենին կարող է ուժ տալ, այլևս չընկնելու ու լուն ուղտ չդարձնելու կորով…

Եթե միայն ինքը գիտակցի ու ցանկանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում