Մոսկվան պատրաստ է երկխոսել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, բայց դրա համար նրան միջնորդներ պետք չեն: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Պատրաստ ենք համագործակցել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ այն հարցերում, որոնք վերաբերում են «ճանապարհային քարտեզի» իրականացմանը,- ասել է նախարարը:- Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայի հետ հարաբերություններին, որ մենք միջնորդների կարիք ունենք, դրանում ես կասկածում եմ»:
Անդրադառնալով ՈՒԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի այն հայտարարությանը, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է մտնել Պորոշենկոյի թիմի մեջ, Լավրովն ասել է, որ պետք չէ Սաակաշվիլիին միջնորդ դարձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունում:
Հիշեցնենք, վերջին տվյալներով՝ քվեաթերթիկների 66.07 տոկոսի արդյունքներով Պյոտր Պորոշենկոն հաղթում է 53.78 տոկոս ձայնով:











































