Ռեգիոնների կուսակցությունը ճանաչել է Ուկրաինայում անցկացված ընտրությունները: Այս մասին հայտարարել է Ռեգիոնների կուսակցության քաղխորհրդի նախագահության անդամ Ալեքսանդր Վիլկուլը՝ հայտնում է Ria Novosti-ն:
«Ընտրությունները կայացան: Ուկրաինան լեգիտիմ ընտրված նախագահ ունի: Հաղթել է Ուկրաինան, նշանակում է՝ հաղթել է նաև Ռեգիոնների կուսակցությունը»,- ասել է Վիլկուլը:
Նրա խոսքով՝ ընտրությունները լիովին լեգիտիմ են եղել, քանի որ Ռեգիոնների կուսակցությունից թեկնածու Միխաիլ Դոբկինը քվեարկությունից չի հանել իր թեկնածությունը, իսկ Դոնեցկի մարզում, չնայած դժվարություններին, ռեգիոնալների անմիջական օգնությամբ գործել է ընտրատեղամասերի մեկ քառորդը:
Ինքը՝ Դոբկինը, համարում է, որ ընտրություններին մասնակցելով՝ կուսակցությունն ապացուցել է իր հայրենասիրական կողմնորոշումը:
«Ես վստահ եմ՝ այսօր բոլորը հասկանում են, որ Ռեգիոնների կուսակցության չմասնակցելը լուրջ ստվեր կգցեր այս ընտրությունների լեգիտիմության ու ճանաչվելու վրա»,- ասել է նա: Սակայն ափսոսանք է հայտնել, որ առանց Դոնբասի ու Ղրիմի՝ ռեգիոնալների ավանդական ընտրական բազայի, լուրջ արդյունքի հավակնել չի լինի
Հիշեցնենք՝ ըստ էքզիթ-փոլերի տվյալների՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթում է Պյոտր Պորոշենկոն՝ 55%-ից ավել քվե:







































