ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Ծովարջեր» էլիտար ստորաբաժանման 7 ծառայողներ կարգապահական տույժի են ենթարկվել համակարգչային խաղ ստեղծողներին խորհրդատվություն տրամադրելու համար: Այս մասին հայտնում է CBS News-ը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ստացված նկատողությունը, ըստ ամենայնի, վերջակետ կդնի նրանց հետագա գործունեությանը: Բացի այդ` նրանցից կգանձվի երկու ամսվա աշխատավարձի կեսը: Եվս 4 «ծովարջի» դեմ հետաքննություն է տարվում:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ գարնանը 6-րդ ջոկատի ներկայացուցիչները երկու օր աշխատել են որպես Electronic Arts ընկերության վճարովի խորհրդատուներ: Ընկերությունը վերջերս է թողարկել Medal of Honor: Warfighter համակարգչային խաղը:
Խաղում մոդելավորված է ստորաբաժանման օպերացիաներից մեկն ընդդեմ Սոմալիի ծովահենների, իսկ նկարագրությունում ստեղծողները մատնանշել էին խաղն առավել իրատեսական դարձնելու համար մասնագիտական օգնության ցուցաբերումը:
Թե խաղի հեղինակները կոնկրետ ինչ ինֆորմացիա են ստացել զինծառայողներից` հայտնի չէ, սակայն հրամանատարության կարծիքով՝ իրենց գործողություններով նրանք խախտել են գաղտնի տեղեկությունների չբացահայտման մասին պայմանավորվածությունը:
Հանուն հանրային զվարճանքի՝ ամերիկյան նավատորմի հպարտությունը առաջին անգամ չէ, որ տուժում է: «Ծովարջերի» գործողությունների մասին նկարահանվել է ֆիլմ, հրատարակվել գիրք:









































