Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ռուսական առափնյա «ԲԱԼ-Է» հրթիռային համալիրների գնմամբ և համապատասխան հայտ է ներկայացրել ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Մարտավարական հրթիռային զենք» կորպորացիայի արտադրանքի նկատմամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետաքրքրության մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովը Ъ թերթում: Նա նաև ասել է, որ տվյալ համակարգի պահանջարկ ունեն դեպի ծով ելք ունեցող գրեթե բոլոր երկրները:
Նշենք նաև, որ չնայած Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի խոսքերով՝ դեռևս ոչ մի հայտ չի ներկայացվել, սակայն ՌԴ-ի որոշ աղբյուրներ, որոնք տեղյակ են Ադրբեջանի պաշտպանության նախարարության ծրագրերին, հաստատում են հայտի ուղարկման փաստը Մոսկվա:






































