Անցյալ շաբաթավերջին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հովանու ներքո տեղի է ունեցել անվտանգության միջազգային ֆորում, որի օրակարգային առաջնային հարցերից մեկը վերաբերել է «գունավոր հեղափոխությունների» տարածման վտանգին: Այդ ֆորումին մասնակցում էին պաշտպանության նախարարությունները, այդ թվում` Հայաստանի պաշտպանության նախարարը, ֆորումը, ինչպես նշվեց, ՌԴ պաշտպանության նախարարության հովանու ներքո է տեղի ունենում: Սա տալիս է բավական մտորումների տեղիք:
«Գունավոր հեղափոխությունների» թեման դառնում է պաշտպանական գերատեսչությունների քննարկման առարկա: Պետք է հասկանալ, թե ինչն է դիտարկվում «գունավոր հեղափոխություն» հասկացության ներքո: Այդ հասկացությունը տարածվեց Վրաստանի «վարդերի հեղափոխությունից» հետո, նաև Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխությամբ», Ղրղզստանի իրադարձություններով: Հետո կարծեք թե այդ մասին խոսակցությունները մարեցին: Ուկրաինայի Եվրամայդանից հետո խնդիրը ակտուալացավ: Ընդ որում` հենց Եվրամայդանից, ոչ թե «արաբական գարունից» հետո: Որովհետև «արաբական գարունը» Ռուսաստանն այնուհանդերձ հեռու էր դիտարկում իր սահմաններից, իսկ ահա Ուկրաինան արդեն այլ է, և «գունավոր հեղափոխությունների» թեման Ռուսաստանը կրկին ակտուալացրեց, իսկ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Բորդյուժան նույնիսկ հոդվածով հանդես եկավ այդ թեմայով:
Սակայն ներկայումս ակտուալացումն, այսպես ասած, դուրս է գալիս զուտ տեսական քննադատության տիրույթից և արդեն դիտարկվում է մեթոդական հակազդեցության շրջանակում: Ավելին` «գունավոր հեղափոխությունների» թեման ներառվել է, փաստորեն, պաշտպանական օրակարգերում: Իսկ սա լրջագույն հանգամանք է, որը խորհելու տեղիք է տալիս: Այսինքն` հարցը բարձրացված է արտաքին վտանգի, արտաքին ագրեսիայի մակարդակի:
Իսկ ի՞նչն է այստեղ էականն ու առանցքայինը: Այն է, որ «գունավոր հեղափոխություններ» ասված երևույթն ինքնին բացառապես ներքին երևույթ է, տեղի է ունենում բացառապես երկրի ներքին ռեսուրսների կա՛մ համակարգված կազմակերպումով, երբ կուսակցությունները կամ նշանակալից ՀԿ-ները կազմակերպում են հասարակության բողոքն իշխանության դեմ, նրա ռազմավարության դեմ, որոշումների դեմ, կա՛մ էլ տեղի է ունենում հասարակության ինքնաբուխ մղումով:
Այդպիսով, ներքին պրոցեսները հռչակվում են որպես արտաքին վտանգ և ներառվում պաշտպանական գերատեսչության, այսպես ասած, հետաքրքրությունների և ուշադրության շրջանակ, ինչը ըստ էության նշանակում է, որ մշակվում է ներքին այդ գործընթացներին բանակային ռեսուրսներով հակազդելու մեթոդաբանություն: Ահա, ամենավտանգավորը, որ տեղի է ունենում այսօր Ռուսաստանի նախաձեռնությամբ: Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացիական ակտիվություն, ցանկացած հասարակական-քաղաքական զանգվածային լուրջ երևույթ, լուրջ շարժում, եթե չի տեղավորվի Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակների, մտադրությունների, ցանկությունների և ճաշակի շրջանակում, ինքնաբերաբար կորակվի որպես «գունավոր հեղափոխության» փորձ, որ իբր կազմակերպվում է դրսից, իսկ դրա համար առանձնապես ապացույցներ պետք չեն լինի, քանի որ չկա անկախ դատական ատյան, որը կկատարի արբիտրի դեր այդ հարաբերություններում, և ըստ այդ «գունավոր հեղափոխություն» գնահատականի էլ միանգամայն լեգիտիմորեն կկասեցվի բանակային ռեսուրսներով:
Այդպիսով, Ռուսաստանը փորձում է իր ազդեցության տարածքում ներդնել ներքին գործընթացներին բանակային պաշտպանությամբ արձագանքելու լեգիտիմ ավանդույթ, պրակտիկա, որը, ի դեպ, ունի մի շատ կարևոր և հեռուն տանող նպատակ: Բանն այն է, որ երբ դա դիտարկվում է արտաքին վտանգ, այսինքն` «գունավոր հեղափոխությունները», ապա ոչ միայն հնարավորություն է տվյալ երկրին հենց միանգամից բանակով կասեցնել տեղի ունեցողը (իսկ Հայաստանն, ինչպես հիշում եք, արդեն ընդունել է Արտակարգ դրության մասին օրենքը, որ թույլ է տալիս այդ իրավիճակներում ներքին հասարակական կարգի համար ներգրավել նաև բանակը), այլ նաև ներգրավել արտաքին, այսինքն` Ռուսաստանի աջակցությունը:
Երբ ներքին գործընթացները «գունավոր հեղափոխության» արտաքին փորձ որակվելով հռչակվում են արտաքին վտանգ, դա Ռուսաստանին, այսպես ասած, լեգիտիմ իրավունք է տալիս ներգրավվել Հայաստանն արտաքին վտանգից պաշտպանելուն՝ որպես ռազմավարական դաշնակից, որպես 2010 թվականին հայ-ռուսական կնքված պայմանագրի կողմ՝ ռուսական ռազմակայանի տեղակայումը երկարաձգելու և նաև այդ զորակայանին Հայաստանի անվտանգության ապահովմանը անմիջականորեն մասնակցելու նոր իրավունքներ տալու մասին պայմանագիր, և որպես ՀԱՊԿ անդամ:
Այսինքն` Մոսկվայում, ՌԴ պաշտպանության նախարարության հովանու ներքո, փաստորեն, քննարկվել է Ռուսաստանի ազդեցության տարածքում գտնվող երկրների, այդ թվում` մասնավորապես Հայաստանի ներքին գործերին հարկ եղած դեպքում միջամտելու հնարավորությունը, հիմնավորումը, մեթոդաբանությունը: Իսկ եթե Մոսկվայում դա սկսել են քննարկել, ապա մեղմ ասած` մեծ է հավանականությունը, որ կհասցնեն ավարտին, ինչպես հասցրել են համանման ցանկացած նախաձեռնություն:
Ասել է թե` Ռուսաստանը ինստիտուցիոնալացնում է իր իշխանությունը ոչ միայն Հայաստանի իշխանական դաշտի վրա, այլ նաև քաղաքացիական-հասարակական-քաղաքական այն սեգմենտի, որը չի համաձայնի խաղալ ռուսական կայսերապաշտական գծի շրջանակում և ժամանակի ընթացքում լուրջ մարտահրավեր կդառնա այդ գծին՝ «սպառնալով» Հայաստանն իրապես անկախ և ինքնիշխան դարձնելու հեռանկարով: Այդ ժամանակ ոչ ոք կասկած թող չունենա, որ Հայաստանում կգտնվեն հազարավոր զորիբալայաններ, որոնք նամակը նամակի հետևից կգրեն Կրեմլ ու կխնդրեն պաշտպանել իրենց «սադրիչներից» ու «էքստրեմիստներից»:








































