Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Հորդանան, որտեղից սկսվում է նրա եռօրյա այցը Մերձավոր Արևելքի երկրներ: Շրջագայության ընթացքում նա մտադիր է այցելել նաև Իսրայել և Պաղեստին՝ հաղորդում է BBC-ն:
Պապը նախ հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ի հետ և իր երախտագիտությունը հայտնել երկրի իշխանություններին Սիրիայի փախստականներին ըստ արժանվույն ընդունելու համար:
Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավարը մտադիր է պատարագ մատուցել Ամանի մարզահամալիրում, որտեղ նախատեսվում է մինչև 50 հազար մարդու ներկայություն, իսկ հետո կհանդիպի սիրիացի փախստականների հետ:
Այցի պաշտոնական նպատակը ուղղափառ եկեղեցու հետ կապերի բարելավումն է: Շատերը հույս ունեն, որ Պապը կօգտագործի իր ազդեցությունը՝ թուլացնելու տարածաշրջանում լարումը:
Օդանավակայանում Պապին դիմավորել է թագավոր Աբդուլլահի կրոնի ու մշակույթի հարցերով խորհրդական, արքայազն Գազին: Հորդանանյան ավանդական զգեստներով երկու երեխաներ Պապին նվիրել են ծաղիկներ:




































