Այսօր ընտրությունները Հայաստանում գաղափարական հենքի վրա չեն ընթանում: Գերիշխող են վարչական ռեսուրսները, ընտրակաշառքը։ «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում այս մասին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ իր հաշվարկներով, անցած խորհրդարանական ընտրություններում որոշ ուժեր ծախսել են 150-170 միլիոն դոլար:
Աղվան Վարդանյանը խոսել է այսօր ՀՅԴ-ի կողմից ներկայացված քաղաքական օրակարգի 7 կետանոց խնդիրների մասին, ասել է, որ իրենք առաջարկում են կառավարման խորհրդարանական համակարգի անցնել 2015 թվականից ոչ ուշ, որպեսզի մինչև նոր խորհրդարանական ընտրություններն արդեն նախագահը պատրաստած լինի համակարգին: «Կառավարման յուրաքանչյուր համակարգ ապրելու իրավունք ունի, բայց մեր կարգի երկրներում, երբ նախագահական համակարգը ամբողջովին իշխանությունը բուրգի է վերածում, և կիրառելի են անձնական հրամանները, մենք սխալ ճանապարհի վրա ենք»,- ասել է Աղվան Վարդանյանը: Նրա խոսքերով՝ խորհրդարանական համակարգում իշխանության նկատմամբ վերահսկելիությունն ավելի մեծ է:
ՀՅԴ ներկայացուցիչը կարևորել է իշխանության վերահսկման մեխանիզմները ընդդիմությանը տալը՝ ՏՄՊՊՀ-ի, Վերահսկիչ պալատի և այլ կառույցների միջոցով՝ նշելով, որ իրենց այդ առաջարկն իրավիճակային լուծում չէ, այլ՝ համակարգային, որը կգործի բոլոր ժամանակներում՝ անկախ իշխանության և ընդդիմության ով լինելուց: ՀՅԴ-ն առաջարկում է ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքել, նաև՝ հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչել: Առաջինի մասով Աղվան Վարդանյանն ասել է. «Մենք պետք է մի քայլ առաջ գնանք, որոշակի հարաբերություններ հաստատենք ԼՂՀ–ի հետ, որպեսզի այդ անվտանգության երաշխավորումն ունենա միջազգային հիմնավորում»:
Հայ-թուրքական արձանագրությունների մասով էլ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարն ասել է, որ պետք է հետ կանչել արձանագրությունները, և եթե կամք կա՝ առանց նախապայմանների նոր արձանագրություններ կազմել՝ ընդամենը հետևյալ ձևակերպմամբ. «Երկու երկրների ղեկավարները դիվանագիտական հարաբերություններ են հաստատում և բացում սահմանները»:
Անդրադառնալով այն հարցին, որ օրերս ԲՀԿ-ն ևս քաղաքական օրակարգի երկու առաջարկներ է ներկայացրել, որոնք կան ՀՅԴ-ի փաթեթում, Աղվան Վարդանյանն ասել է, որ ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում թեև կա 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու դրույթ, սակայն խորհրդարանական համակարգի անցնելու մասին տող չկա, և գուցե ԲՀԿ-ն տակտիկական հնարք է իրականացնում: Այնուհանդերձ, ողջունել է ԲՀԿ–ի քայլը և ասել, որ իրենք առաջարկում են բոլոր ուժերին ամբողջական փաթեթ, որոնց շուրջ համագործակցությունը երկիրը դուրս կբերի տեղապտույտից: Աղվան Վարդանյանը նաև նշել է, որ ՀՅԴ-ն պատրաստ է քննարկումների՝ բոլոր ուժերի հետ:










































