Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը ներկայացրել է Գյումրի քաղաքում տիրող ընդհանուր պատկերն ըստ հիմնական ոլորտների, նաև կոնկրետ ուղղություններով արդեն իսկ մեկնարկած աշխատանքների մասին:
Իր հերթին դեսպան Զդիսլավ Ռաչինսկին շնորհավորել է Սամվել Բալասանյանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն:
Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Գյումրիում բնակվող ազգությամբ լեհերի համար լեհերենի դասընթացների կազմակերպման համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովում, Գյումրու և լեհական Բելիստոկ քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների կառուցում և ներդրումային ոլորտին վերաբերող տարաբնույթ հարցեր:







































