Քանի դեռ հասկանալի չէ՝ նախորդ վարչապետն ինչու հրաժարական տվեց, շատ հարցեր մնալու են օդում կախված: Մայիսի 23-ին ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ եթե բոլոր պատճառները չեն վերանում, տարատեսակ մեկնաբանություններ են պահպանվելու, և անորոշություններ են մնալու:
«Պետք է ասվեր՝ փոխվում ենք, որովհետև այս, այս բաները չի հաջողվել, իսկ եթե դա չենք անում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ փոխվեց, եթե նույնը պիտի շարունակվի, ու նույն քաղաքական կուրսն է պահպանվում»,- ասաց նա:
Կառավարության ծրագրի քվեարկությանն անդրադառնալով՝ Ռուստամյանը նշեց, որ եղել են հրապարակումներ, որոնցում ասված է՝ մի շարք պատգամավորներ ուրիշների փոխարեն են քվեարկել, այսինքն՝ խնդիրներ գոյություն ունեն: Ռուստամյանի խոսքով՝ ԱԺ-ում ստեղծվել է շատ փխրուն մեծամասնության վիճակ, որ պահանջում է զգոն լինել, քանի որ ամեն մի պատգամավորի բացակայությունը կարող է խնդիր դառնալ:
Ոչ իշխանական չորս ուժերի համագործակցությանն անդրադառնալով՝ նա նշեց. «Մենք քառյակ ենք այնքանով, որքանով համաձայնեցնում ենք չորսով ինչ-որ քայլ կատարելը: Եթե դա չկա, ամեն մեկն ազատ է, ով ինչպես կցանկանա, կգործի: Ես չեմ տեսնում քառյակի մեջ մի քաղաքական ուժ, որի նպատակը անկեղծորեն այս երկիրը նման վիճակից դուրս բերելը չէ: Կարող ենք ունենալ բավական մեծ տարաձայնություններ, ապա հաղթահարել դրանք ու գտնել միավորող դաշտ»:
Լուսանկարը՝ Armenpress-ի







































