Հայտնի է դարձել, թե Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստներն ինչպիսի մարզաշապիկներով են խաղադաշտ դուրս գալու Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռեալ»-ի դեմ մրցավեճում:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հանդես կգա ավանդական` կարմիր-սպիտակ գույների մարզաշապիկով: Միակ էական տարբերությունը, որը մադրիդյան ակումբի մարզահագուստի վրա կերևա Լիսաբոնում կայանալիք եզրափակչի ժամանակ, դա շապիկի ներսի հատվածում «Ատլետիկո»-ի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Լուիս Արագոնեսի անվան գրությունն է: Վերջինս կյանքից հեռացել է այս տարվա փետրվարի 1-ին:
Հիշեցնենք, որ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կայանալու է շաբաթ օրը` մայիսի 24-ին: Սա կլինի մրցաշարի պատմության մեջ առաջին դեպքը, երբ վճռորոշ խաղում կմրցեն մեկ քաղաքի երկու ակումբներ:







































