Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին շնորհավորել է Բարաք Օբամային՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նա շնորհավորական նամակ է հղել Օբամային, որում հաջողություններ է մաղթել այն կարևոր առաքելությունում, որն ԱՄՆ նախագահի պաշտոնում սպասվում է Բարաք Օբամային:
Իվանիշվիլին հույս է հայտնել, որ վրաց-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի կխորացվեն հետագայում, ինչը, մասնավորապես, վերաբերում է Ռազմավարական գործընկերության խարտիային: Նշվում է, որ Իվանիշվիլին պատրաստվում է իր ամերիկյան այցին՝ ընդգծելով, որ սպասում է պաշտոնական հրավերի:
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ մոտ ժամանակներս հայտնի կդառնա իր առաջիկա վաշինգտոնյան այցի ժամկետը, և քանի որ ընտրություններում հաղթել է Բարաք Օբաման, ուստիև կարիք չկա սպասել նոր նախագահի երդման արարողությանը:
Իվանիշվիլին հավելել է, որ ամերիկացիները Վրաստանի մեծ բարեկամն են, և անկախ նրանից, թե ով է իշխում ԱՄՆ-ում՝ դեմոկրատները թե հանրապետականները, ԱՄՆ-ը շարունակելու է օգնել Վրաստանին:










































