Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հանդիպել է Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Դոնալդ Քեմփբելի հետ: Այս մասին Trend-ին հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում:
Քեմփբելը Վրաստան է ժամանել Եվրոպայի երկրների բանակների ավագ սերժանտների 8-րդ ամենամյա համաժողովի մասնակցության շրջանակներում:
Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Ալասանիան ամերիկյան կողմին շնորհակալություն է հայտնել Վրաստանի պաշտպանական հնարավորությունների զարգացման գործում երկրին աջակցելու համար և հյուրին ծանոթացրել Վրաստանի պաշտպանական ոլորտում բարեփոխումներին վերաբերող տեղեկատվությանը:
Քննարկման հիմնական թեմաներից է եղել ISAF առաքելությանը վրացական կոնտինգենտի մասնակցությունը և 2014 թվականից Վրաստանի անդամակցությունը «Որոշիչ աջակցություն» առաքելությանը: Ալասանիան տեղեկություն է տրամադրել նաև Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ԵՄ առաքելությանը վրացական կոնտինգենտի մասնակցության մասին:










































