Չորեքշաբթի օրը Լոս Անջելեսի նահանգային դատարանը «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսեր Մարկ Բասսելի Յուսեֆին դատապարտել է մեկ տարի ազատազրկման, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Սակայն այս պատիժը նա կկրի ոչ թե ֆիլմի համար, այլ ավելի վաղ նշանակված պայմանական պատժի պայմանների խախտման համար:
Դաշնային իշխանությունները, որոնք հետևել են 55-ամյա Յուսեֆի վարքին, խնդրել էին նրան դատապարտել 2 տարի ազատազրկման: 2010-ին Յուսեֆը բանկային քարտերի հետ կապված խուլիգանության համար դատապարտվել էր 21 ամիս ազատազրկման և զրկվել էր 5 տարի համացանցից օգտվելու իրավունքից: 2011-ին օրինակելի վարքի համար նա բաց էր թողնվել պայմանական ժամկետով:
Մարկ Բասելի Յուսեֆն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված 8 կետերից 4-ով` մասնավորապես խոստովանելով, որ օգտվել է կեղծ վարորդական իրավունքից: Դատական իշխանությունների ներկայացուցիչները հայատարարել են, որ այս դատը կապված չէ ֆիլմի հետ:
Ֆիլմը, որի պրոդյուսերն է Յուսեֆը, մուսուլմանական աշխարհում բողոքի ալիք էր բարձրացրել: Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ դեսպանն ու ևս 3 աշխատակից էին սպանվել, ոստիկաններ և հարյուրավոր ցուցարարներ էին վնասվածքներ ստացել:










































