Մաքսային միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առաջարկել է յուրաքանչյուր մուշտակ զինել փոքր չիպով՝ ապրանքի արտադրության ու ներկրման վերահսկման համար՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միասնական տնտեսական տարածքի շրջանակում: Չիպավորումը թույլ կտա պայքարել անօրինական արտադրողների դեմ: Այս մասին գրում է RBK Daily-ն:
Ինչպես նշում է թերթը, միայն յուրաքանչյուր 5-րդ մուշտակն է Ռուսաստան ներկրվում օրինական կերպով: Անօրինական արտադրանքի դեմ պայքարի համար հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնյովն առաջարկել է նշագրել թեթև արդյունաբերության արտադրանքի առանձին տեսակներ, այդ թվում՝ մորթուց պատրաստվողները: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հանձնաժողովին հանձնարարել է ազգային պրոֆիլային գերատեսչությունների և բիզնեսի ներկայացուցիչների հետ մշակել նշագրման համակարգ»,- հայտնել է Սլեպնյովը:
Չիպավորման պիլոտային նախագիծը կգործարկվի 2015-ի կեսերին: Առաջին ապրանքը, որը կենթարկվի նշագրման, կդառնան մուշտակները, քանի որ հենց այդ կատեգորիան է ամենախնդրահարույցը:
Միևնույն ժամանակ հատուկ նշագրման ներմուծումը կարող է մեծացնել օրինական արտադրանքի արժեքը:










































