ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը կդադարի պատվաստման ծրագրերն օգտագործել որպես քողարկման միջոց իր գաղտնի գործողությունների համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչին:
Որոշումն ընդունվել է ամերիկացի բժիշկների այն բողոքից հետո, որ Ուսամա բեն Լադենի հետապնդման ժամանակ Պակիստանում հատուկ ծառայությունները փորձել են աշխատել առողջապահության ծրագրի հովանու ներքո:
2011 թվականին հեպատիտի դեմ պատվաստման ծրագրի միջոցով ԿՀՎ-ն փորձել է ստանալ այն երեխաների ԴՆԹ-ների նմուշները, որոնց համարել է, որ կապված են «Ալ-Քաիդայի» ղեկավարի հետ:
Վերջին ժամանակներս Պակիստանում հաճախացել են բժիշկների վրա հարձակումները. տեղի թալիբները համարում են, որ բնակչության պատվաստման ծրագրերն իրականացվում են որպես հատուկ ծառայությունների աշխատանքը քողարկելու միջոց:











































