Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրացական ընդդիմությունն իր բողոքն է հայտնել երեկ իրականացված մի շարք հնչեղ ձերբակալությունների կապակցությամբ: Քութայիսում այսօր տեղի ունեցած խորհրդարանական նիստի ժամանակ խորհրդարանական ընդդիմության («Միասնական ազգային շարժում» կուսակցություն) առաջնորդ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ միացյալ շտաբի պետ Գեորգի Կալանդաձեի ձերբակալումը խնդիրներ է ստեղծում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացում.
«Այդ ձերբակալություններն առաջացնում են ավելի շատ հարցեր, քան դրանք ունեն պատասխաններ: Կալանդաձեն Ռուսաստանի դեմ պատերազմի հերոս է: Ինչ վերաբերում է Բաչո Ախալայայի ձերբակալմանը, ապա դա լուրջ թեստ և մարտահրավեր է երկրի նոր իշխանությունների համար:
Ինձ համար անհասկանալի է, թե ինչու դատախազությունում առաջին իսկ հարցաքննության ժամանակ ձերբակալեցին Ախալայային, և դա այն դեպքում, երբ նա կամավոր վերադարձել էր Վրաստան և պատրաստակամություն էր հայտնել կամավոր համագործակցելու հետաքննության հետ»:









































