Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամրապնդում է կապերը Չինաստանի հետ ուկրաինական ճգնաժամի և Արևմուտքի հետ հարաբերութունների բարդացման ֆոնին՝ գրում է The New York Times-ը:
Ինչպես նշում է պարբերականը, ռուս առաջնորդը դեպի Արևելք թեքվեց 2012-ի նախագահական աթոռ վերադառնալուց անմիջապես հետո, սակայն հենց Ուկրաինայում տիրող իրավիճակը ստիպեց Մոսկվային ամրապնդել համագործակցությունը Ասիայի և առաջին հերթին նրա տնտեսական շարժիչի՝ Չինաստանի հետ:
Երբ Եվրոպան փորձում է ռուսական գազից հրաժարվելու միջոց գտնել, իսկ Արևմուտքը չի բացառում Կրեմլի դեմ ավելի լուրջ պատժամիջոցների ներմուծումը, Ռուսաստանի համար պետք է այլընտրանք՝ ասվում է հոդվածում:
The Financial Times-ը համակարծիք է սրան և գրում է, որ Պուտինը փորձում է գրավել Չինաստանին մի շրջանում, երբ արևմտյան երկրները Ռուսաստանից երես են թեքում: Պարբերականը հավելում է, որ ռուս նախագահը ցանկանում է ցույց տալ, որ իր կառավարությունը մեկուսացված չէ և գործընկերներ ունի, որոնք կարող են դիմակայել Եվրոպային ու ԱՄՆ-ին:
Պարբերականը նշում է, որ Չինաստանը միշտ զգուշավորություն է դրսևորել ուկրաինական հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը լիարժեք աջակցություն ցուցաբերելուց, սակայն Մոսկվայի հասցեին բացահայտ քննադատությունից զերծ է մնացել:












































