Ֆրանսիայի նախարարների կաբինետն այսօր կքննարկի երկրում միասեռական ամուսնությունների օրինականացման ծրագրերը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնում 2012-ի գարնանն ընտրված Ֆրանսուա Օլանդն իր նախընտրական արշավի ընթացքում խոստացել է ընդլայնել միասեռական զույգերի իրավունքները՝ մասնավորապես սեռական փոքրամասնություններին երեխաներ որդեգրելու հնարավորությանը վերաբերող:
Ֆրանսիան արդեն թույլ է տալիս նույնասեռական զույգերին կնքել քաղաքացիական միություններ, սակայն միասեռական ամուսնությունների օրինականացման ծրագրերը առճակատվել են ֆրանսիական հասարակության կոշտ դիմակայությանը:
Փարիզի արքեպիսկոպոս Անդրե Արման Վեն-Տրուան դեռևս անցած շաբաթ բողոքի ցուցերի կոչ էր արել: Բազմաթիվ քաղաքապետներ միջնորդագիր են ստորագրել ընդդեմ միասեռական ամուսնությունների օրինականացման: Երկրի 75 քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել այդ նախաձեռնության դեմ:
Ֆրանսիական խորհրդարանում միասեռական զույգերի ամուսնական հարաբերություններն ամրապնդող իրավունքների քննարկումը նշանակված է 2013-ին:








































