ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում օգնել Սիրիայից քիմիական զենքի մնացած մասը դուրս բերելու հարցում՝ լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ ներկայում ոչնչացման համար դուրս է բերվել քիմիական զենքի 92.5 տոկոսը: «Սակայն մենք անհանգստացած ենք, թե ինչպես են նրանք կատարում մնացած 7.5 տոկոսի դուրսբերման պարտավորությունը»,- ասել է Քարնին: «Սպասում ենք, որ Սիրիան կկատարի իր պարտավորությունները, և մենք սպասումենք, որ Ռուսաստանը ևս, որն այդ հարցում Սիրիայի փաստացի երաշխավորն է, կկատարի իր պարտավորությունները»,- հավելել է նա:
Հարցին՝ ԱՄՆ-ը պատրաստվո՞ւմ է որևէ գործողություն ձեռնարկել Սիրիայի դեմ՝ հասնելու պարտավորությունների կատարմանը, նա պատասխանել է, որ այժմ որևէ գործողություններ չեն նախատեսվում:
«Սակայն մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ հարցին»,- ասել է Քարնին: Նա հիշեցրել է, որ քիմիական զենքի դուրսբերման վերջնաժամկետին (հունիսի 30) դեռ մի քանի շաբաթ կա:
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչները հայտնել էին, որ մնացած քիմիկատները դժվար է դուրս բերել պահեստի շուրջ ընթացող բախումների պատճառով:












































