«Բանանց» ֆուտբոլային ակումբի հարգելի երկրպագուներ, շատ ուրախ եմ, որ չնայած բարձրագույն խմբում մեր թիմի անհաջող ելույթներին, դուք դեռ շարունակում եք մնալ մեր թիմի կողքին և ցավում մեր անհաջողությունների համար: Ստեղծված իրավիճակը, իհարկե, չի կարող գոհացնել: Մրցաշրջանի մեկնարկից առաջ, երբ որոշում կայացրինք, որ թիմը պետք է հանդես գա բացառապես իր կադրերով, գիտակցում էինք, որ շատ դժվար է լինելու: Բայց անկեղծ ասած անձամբ ես չէի պատկերացնում, որ նման ծանր իրավիճակում ենք հայտնվելու:
Ստեղծված իրավիճակի համար մեղավոր են բոլորը՝ ես, գլխավոր մարզիչը և այսպես կոչված «փորձառու» վայ ֆուտբոլիստները, ովքեր պետք է իրենց հետևից տանեին դեռևս անփորձ ու երիտասարդ խաղացողներին: Այսօր կանգնած ենք փաստի առաջ, և, բնականաբար այս ամենը մեզ մտորումների առիթ է տալիս:
Սակայն նույնիսկ այսպիսի պայմաններում չկասկածեք, որ ակումբի ղեկավարությունը կանի ամեն ինչ թիմի սասանված հեղինակությունը վերականգնելու համար: Դրա համար դեռ կա ժամանակ, և այն մենք պետք է օգտագործենք: Ձմեռային ընդմիջման ժամանակ ակումբի ղեկավարությունը ստիպված կլինի դիմել կտրուկ քայլերի, ինչը հնարավոր չէ իրականացնել ներկա պահին:
Հավաստիացնում եմ Ձեզ և բոլոր այն ֆուտբոլասերներին, ովքեր անտարբեր չեն «Բանանց» ֆուտբոլային ակումբի ճակատագրին: Մենք կանենք հնարավորինը ակումբի բարի ավանդույթները և «Բանանց» ֆուտբոլային թիմի մարտունակությունը վերականգնելու համար:
Այսօր ակումբը ունի մանկապատանեկան բարձրակարգ դպրոց, ստեղծվել և լիարժեք գործում են ակումբի ակադեմիայի թիմերը, որտեղ իրենց մարզչական գործնեությունն են ծավալել հոլանդացի բարձրակարգ մասնագետները: Վատ արդյունք ցույց չի տալիս առաջին խմբում հանդես եկող մեր երկրորդ թիմը: Այսինքն բացառությամբ բարձրագույն խմբի, ակումբում աշխատանքները ընթանում են լիարժեք և ճիշտ հունով:
Ձեզ բոլորիդ ցանկանում եմ առողջություն և համբերություն:
«Բանանց» ֆուտբոլային ակումբի նախագահ
Սարգիս Իսրայելյան









































