Խորհրդային տարիներին հայտնի կարգախոս կար` «հասնել ու անցնել Ամերիկային»: Խորհրդային տերությունն իր միջուկային արսենալով և ագիտպրոպով անկարող եղավ լուծել այդ խնդիրը: Հիմա խորհրդային երկիր չկա, իսկ դրա փլուզման հետևանքով անկախացած հանրապետություններում այդպիսի նպատակներ և կարգախոսներ այլևս չկան: Բայց դրանից, իհարկե, Ամերիկային հասնելու խնդիրը չի կորցրել իր հրատապությունը: Նախօրեին աշխարհի թիվ մեկ գերտերությունը և, թերևս, միակ գերտերությունը հերթական անգամ նախագահ ընտրեց։
ԱՄՆ նախագահական ընտրության արդյունքներն արդեն հայտնի են, որի արդյունքում ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվել է Բարաք Օբաման այդուհանդերձ, հայաստանյան դիտակետի ամենավերին կետից, կարևոր չէ՝ ով կհաղթեր` դեմոկրատ Օբամա՞ն, թե՞ հանրապետական Ռոմնին: Իհարկե, նրանց մրցության ելքն անշուշտ կունենա իր քաղաքական ազդեցությունը թե՛ հարավկովկասյան տարածաշրջանի, թե՛ Հայաստանի հանդեպ ամերիկյան քաղաքականության վրա. այդ ազդեցությունը մի դեպքում կլինի շատ, մի դեպքում՝ քիչ, բայց դա չէ ամենակարևորը:
Ամենակարևորը ընտրություն երևույթն է ինքնին: Դրանք ԱՄՆ-ում ամենևին էլ սրբացված, օծված չեն, անցնում են բազմաթիվ թերություններով և վիճահարույց խնդիրներով, կասկածներով ու մեղադրանքներով: Սակայն անգամ այս պարագայում «հասնել Ամերիկային» խնդիրը երևի արդիական է, որովհետև ուր էր թե Հայաստանում էլ ընտրությունները ունենային ընդամենը այն խնդիրները, ինչ Միացյալ Նահանգներում: Եվ այս իմաստով ընդհանրապես քաղաքական համակարգի, քաղաքական կյանքի համար է արդիական Ամերիկային հասնելու նպատակը:
Մենք առիթ ունեցանք այդ ամենին առնչվել նաև Հայաստանում նախագահական կամաց-կամաց թափ հավաքող գործընթացի ֆոնին և անմիջականորեն համեմատել քաղաքական դիսկուրսի մակարդակները, քաղաքական գործընթացի որակները ԱՄՆ-ում և Հայաստանում: Դրանք տրամագծորեն տարբեր են, որովհետև եթե այնտեղ ամեն ինչ ընտրողի համար է, ընտրողի աչքի առաջ, ապա այստեղ ամեն ինչ հասարակության աչքից թաքուն լինելու համար է: Այստեղից էլ սկսվում են հիմնական տարբերությունները մինչև ընտրություններ, հետո հետընտրական իրողություններ և, ընդհանրապես, պետական ու հասարակական կյանք:
Ահա թե ինչու Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր, աշխարհի ամենաերիտասարդ պետություններից մեկը լինելով, ամենահզոր տերությունն է, որը կառավարում են ոչ թե մարդիկ, այլ ինստիտուտները, համակարգերը: Իսկ Հայաստանն այսօր գոյության խնդրի առաջ է, սակայն անգամ այդ պայմաններում հայաստանյան իրականության մեջ ոչ թե պետական և հասարակական օրակարգն է գերիշխում, այլ ներկուսակցական քաղաքական ինտրիգներն ու խարդավանքները:
«Հասնել Ամերիկային» կարգախոսն արդիական է՝ ինչպես երբևէ, և ամենևին պետք չէ այն ընկալել բառիս բուն իմաստով, որովհետև հիմա շատ ու շատ ստաժավոր հայրենասերներ կսկսեն խոսել ԱՄՆ թերությունների մասին: Հասնել Ամերիկային՝ նշանակում է դնել որակական, բովանդակային նպատակներ ու հասնել դրանց, նշանակում է հասնել քաղաքացիական պետության ձևավորման, հաշվետու քաղաքական և իշխանական համակարգերի ձևավորման, որպեսզի երկիրը կառավարվի ինստիտուցիոնալ հիմունքներով, երբ անձերի փոփոխությունը կարող է ընդամենը շտրիխներ և առավելագույնը մարտավարություն փոխել՝ անփոփոխ թողնելով երկրի ռազմավարական ընթացքը, որպեսզի երկիրն ու նրա քաղաքացիները կախված չլինեն անձերից ու, հետևաբար, չտառապեն անձերի պաշտամունքով կամ ատելությամբ, ինչը պետական ու հասարակական հիմքերը խարխլող երկու ծայրահեղություն է:










































