Ինչպես ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` դատախազությունում կլինեն պաշտոնանկություններ և փոխատեղումներ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Հարցին՝ դատախազությունում կլինե՞ն պաշտոնանկություններ, և ե՞րբ են դրանք նախատեսվում, պատասխանեց` երբ հրամանները լինեն, կիմանաք: Նրա վստահեցմամբ՝ հրամանները լինելուց հետո տեղեկատվությունը կտարածվի:
«Ինչպես գլխավոր դատախազն է ասել` պաշտոնանկություններ, փոխատեղումներ կլինեն»,- եզրափակեց Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ Հայաստանի Հանրապետության դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակի խնդիրների կապակցությամբ: ՀՀ նախագահը խստորեն քննադատել էր դատախազությունում դեռևս առկա բացասական երևույթները՝ պայմանավորված առանձին դատախազների անփութությամբ կամ չարամիտ գործողություններով:





































