Եվրամիությունը դիտորդներ չի ուղարկի Եգիպտոսի նախագահական ընտրություններին՝ վարչական խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին:
Պաշտոնյան հաղորդել է, որ Կահիրեն թույլ չի տվել ԵՄ-ին անհրաժեշտ սարքավորումներ տանել:
«Ցավոք, վարչական խնդիրներից ելնելով, չնայած մեր բոլոր ջանքերին և խնդրանքներին՝ անհնար է տանել հեռահաղորդակցության սարքերն ու բժշկական սարքավորումները, որոնք կապահովեն մեր դիտորդների անվտանգությունը»,- ասել է Էշթոնի ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ ԵՄ-ն ծրագրել էր ապրիլի վերջին իր դիտորդներին տեղակայել ամբողջ Եգիպտոսի տարածքով: Սակայն այժմ ԵՄ-ն կներկայանա միայն «ընտրությունների գնահատման խմբերով»:









































