Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի 20 պատգամավորներ հայտարարել են, որ դատի են տալիս «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման (REAL) առաջնորդ, քաղաքագետ Իլգար Մամեդովին: Պատգամավորները նման որոշում են ընդունել այն բանից հետո, երբ Մամեդովը Facebook-ի իր էջում խորհրդարանն անվանել է կենդանաբանական այգի:
Դա անելիս Մամեդովը զուգահեռներ է անցկացրել միջնադարյան ժամանակների հետ, երբ յուրաքանչյուր շահ ուներ իր գազանանոցը: Մամեդովն Ադրբեջանի համար ամոթալի է համարել խորհրդարանի անդամներին նշանակելու գործող կարգը, նրանց աշխատանքների սկզբունքները, հայտարարությունները և այլն:
Մամեդովն այնուհետև ընդգծել էր, որ ժողովրդի անունից հանդես եկող այդ կենդանաբանական այգին պետք է ձերբակալվի հեղափոխական վերափոխումների արդյունքում: Մամեդովի այս խոսքերը հարուցել են մի շարք պատգամավորների խիստ դժգոհությունը, ովքեր սպառնացել են նրան: Մի շարք ԶԼՄ-ներ գրել են, որ 20 պատգամավորներ արդեն իսկ դատական հայց են ներկայացրել Մամեդովի դեմ:
Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, մեկնաբանելով պատգամավորների դժգոհությունը, հայտարարել է, որ իրականում խորհրդարանը «կենդանիների կրկես» է, քանի որ կենդանաբանական այգում կենդանիներն ունեն գործելու որոշակի ազատություն, մինչդեռ «կենդանիների կրկեսում» նրանց ամբողջովին վարժեցնում են և սովորեցնում կատարել որոշակի շարժումներ:









































