ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերը կոչ է արել ուկրաինացիներին խնդրահարույց իրավիճակների պատասխանները բացառապես խաղաղ ճանապարհներով գտնել, գրում է censor.net.ua–ը:
«Այժմ ԵԱՀԿ-ի անունից ես կցանկանայի դիմել Ուկրաինայի բոլոր բնակիչներին, որպեսզի նրանք համաձայնության գան բացառապես խաղաղ ճանապարհով: Ուկրաինացիներ, խնդրում ենք, օգտվեք բառերից, այլ ոչ թե զենքից»,- ասել է Վ. Իշինգերը Խարկովում կայացած երկրորդ համազգային «կլոր սեղանի» ժամանակ:
Նա նշել է, որ այդ «կլոր սեղանը» այնպիսի ներկայացուցիչների է ներառել, ովքեր կարող են քննարկել երկրում գոյություն ունեցող խնդիրները:
«Մեր համագործակցության երկու-երեք օրերի արդյունքներով կարող եմ ասել, որ սա շատ սերտ համագործակցություն է, որը շատ ներկայացուցիչների է ներառում: Իհարկե, մենք չենք կարող քննարկել բոլոր հարցերը, սակայն այն քննարկումները, որոնք եղել են Կիևում և կլինեն այսօր և ապագա հանդիպումներին, հնարավորություն կտան մերձենալ գործընթացի բոլոր կողմերին և խնդիրների լուծման ընդհանուր դիրքորոշում մշակել»,- ասել է դեսպանը:








































