Բելառուսի և Լեհաստանի սահմանի վրա այս գիշեր պայթյուն է տեղի ունեցել, նախնական տվյալով՝ զոհեր չկան: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ինչպես հաղորդում են բելառուսական հատուկ ծառայությունները, Գրոդնենսկի մարզում՝ սահմանի հարևանությամբ, պայթուցիկ սարք է գործի դրվել: Պայթյունի շրջանում հայտնաբերվել են հետքեր, որոնք տանում են դեպի լեհական կողմը, ու նշաններ, որ պայթյունի վայրում ինչ-որ մեկը կարող էր վիրավորված լինել:
Ակնհայտորեն խոսքը սահմանն անօրինական ճանապարհով հատողների մասին է: Լեհ սահմանապահներն այս առավոտյան նույն շրջանում ձերբակալել են 7 մարդու՝ Վիետնամի ու Աֆղանստանի քաղաքացիների:
Պայթյունի պատճառները պարզվում են, կատարվում են որոնողական աշխատանքներ՝ հայտնաբերելու դրանց առնչություն ունեցողներին:






































