Նոյեմբերի 5-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Աֆղանստանի և Պակիստանի տարածքում գործող «Հականի ցանցը» ներառել է կազմակերպությունների սև ցուցակի մեջ, որոնք մասնակից են Աֆղանստանում հարձակումներին,- հաղորդում է Reuters-ը:
Ինչպես նշվում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի առաքելության հայտարարության մեջ, Կարի Զաքիրի, որը նախապատրաստել է մահապարտներ և իրականացրել ահաբեկչական հարձակումներ, և ամբողջ խմբավորման դեմ մի շարք պատժամիջոցներ են սահմանվել, որոնց կատարումը պարտադիր է ՄԱԿ անդամ բոլոր երկրների համար: Սահմանափակումները, մասնավորապես, ենթադրում են բանկային հաշիվների սառեցում, զենքի վաճառքի արգելք:
Ամերիկյան իշխանությունների տեղեկություններով՝ Զաքիրը նախապատրաստել է գրոհայիններ, ովքեր 2011 թ. իրականցրել են հարձակում Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան և հյուրանոցի վրա: Հարձակման զոհ էր դարձել ընդհանուր առմամբ 27 մարդ:
ԱՄՆ-ը «Հականի ցանցը» ահաբեկչական խմբավորում է ճանաչել 2012 թ. սեպտեմբերին, ինչը ենթադրում է քրեական հետապնդում կազմակերպությանն օժանդակելու դեպքում, ինչպես նաև՝ կազմակերպության գործունեության հետ կապ ունեցող մարդկանց ամերիկյան հաշիվների սառեցում:







































