Newsgeorgia-ի հաղորդմամբ, կովկասյան շրջագայության շրջանակներում երկօրյա այցով Թբիլիսի է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսը:
Աժուբալիսն այսօր կհանդիպի Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի և խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեի հետ: Չորեքշաբթի պլանավորված են բանակցություններ Վրաստանի վարչապետ Գալաուրիի հետ, ինչպես նաև տեղի կունենա հանդիպումներ Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոս, Մծխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Ցիցունդի ու Ցխում-Աբխազիայի մետրոպոլ Իլիա Երկրորդի հետ:
Աժուբալիսը Վրաստան է եկել Ադրբեջանից, այնուհետև կմեկնի Հայաստան:
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն այցից առաջ հայտարարել էր, որ Աժուբալիսի ժամանումը Թբիլիսի հատուկ նշանակություն ունի իրենց համար, քանի որ ԵԱՀԿ-ում Լիտվայի համանախագահության պայմաններում նրանք հուսով են վերականգնել Վրաստանի և ԵԱՀԿ-ի համագործակցությունը:
Նշենք, որ Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելությունը, որն աշխատում էր 1992 թվականից, պաշտոնապես դադարեցրել էր իր գործունեությունը 2009 թ. հունիսի 30-ից` Ռուսաստանի կողմից հսկողության գործառույթների շարունակության վրա վետո դնելուց հետո: