«ՀՀԿ այսօրվա նիստում քննարկվել են բացառապես ՀՀԿ առաջիկա համագումարին առնչվող կազմակերպչական հարցեր»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ համագումարին, թերևս, խորհրդարանական մյուս խմբակցությունները չեն հրավիրվի, քանի որ սա ՀՀԿ հերթական հաշվետու համագումարն է լինելու:
«Առաջին լրատվական»-ը Շարմազանովից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը հիմա բարձրաձայնում ստվերը վերացնելու հարցը, իշխանությունները մինչ այդ չէի՞ն տեսնում, որ նույն գործարարները ստվերում են աշխատում, և ինչո՞ւ փորձ չէր արվում նրանց բերել օրենքի դաշտ։
«Շուտով կառավարությունը, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ԱԺ-ին կներկայացնի կառավարության նոր ծրագիրը, և թե´ վարչապետը, թե´ կառավարության մեր գործընկերները հրապարակայնորեն կպատասխանեն բոլոր հարցերին:
Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա ասեմ, որ այս տարիների ընթացքում հանրապետական կուսակցությունը ոչ միայն փորձ է արել, այլև շատ արդյունավետ իրականացրել է երկրի կառավարումը: Դրանով է պայմանավորված եղել, որ համապետական ընտրություններում կուսակցությունը ստացել է առավելագույն ձայները:
Երբ որ գալիս է նոր պաշտոնյա՝ պետք չէ հակասություն փնտրել նախկին և ներկա պաշտոնյաների գծի մեջ: Ե´վ Տիգրան Սարգսյանը, և´ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ անդամ են, և իրականացնում են ՀՀԿ քաղաքական գիծը»,- ասաց Շարմազանովը:









































