Այսօր Ճապոնիայի Յոկոհամա պրեֆեկտուրայում բացվելիք FPD International 2012 ցուցահանդեսին ներկայացվել է դիսփլեյների նոր սերունդ, որի մշակման վրա աշխատել են երեք՝ Sony, Toshiba և Hitachi ընկերությունների ինժեներները՝ Japan Display նախագծի հովանու ներքո: Այս մասին հայտնում է Life News-ը:
Նորույթները ծրագրում են կիրառել ինչպես սմարթֆոններում և պլանշետներում, այնպես էլ ավտոարդյունաբերությունում:
Ներկայացված դիսփլեյներն աչքի են ընկնում պատկերի ֆանտաստիկ պարզությամբ՝ մեկ դյույմին բաժին ընկնող կետերի քանակը գերազանցում է 400 ppi-ն ( iPhone 5-ի պարագայում ցուցանիշը հավասար էր 326 ppi-ի)
Նախատիպերը հագեցած են գերժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս նվազեցնել էներգասպառումն ու բարձրացնել լուսավորության հակադրությունն ու դիտման անկյունները:
Նորույթի կիրառմամբ սմարթֆոններն ու պլանշետները շուկայում կարող են հայտնվել արդեն հաջորդ տարի: