«ՀՀ իշխանությունների, ՀՀ ԱԳՆ-ի հիմնական մտահոգությունը պետք է լինի ոչ թե այն, որ ՀՀ քաղաքացիական հասարակությունում կամ մամուլում էկզոտիկ երկիր չհամարեն, այլ՝ որ այլ երկրներում ՀՀ-ն էկզոտիկ երկիր չհամարեն: Այս առումով կարծում եմ, որ մտածելու բան կա, որովհետև պետք է մտածել, թե արտերկրում ինչպես են գնահատում այն երկիրը, որի գործող դեսպանը հանդես է գալիս եվրոպական առանցքային երկրներից մեկում և հայտարարում, որ այն երկիրը, որ ինքը ներկայացնում է, այնտեղ իշխանությունը սպիտակ ցեղասպանություն է իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ, և մաֆիան բռնագրավել է այդ երկիրը»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Ըստ նրա՝ երբ ՀՀ ԱԳ նախարարը մեկնել էր հարավարևելյան Ասիայի երկրներում ադրբեջանական դիվանագիտության կանխող գործողություններ անելու, այդ ընթացքում Ադրբեջանը հասավ իր նպատակի իրականացմանը Սաֆարովի հարցում` Հունգարիայում: Փաշինյանը նկատեց` ՀՀ-ում հասկացան, որ Մեքսիկան կարևոր երկիր է, երբ այնտեղ Ալիևի արձան են դնում. «Եթե չդնեին, չէին հասկանա»:
Բյուջեում ոչինչ չկա հայ-թուրքական հարաբերությունների մասին: Արձանագրելով այս փաստը՝ Ն. Փաշինյանը հարցադրում արեց՝ նշանակո՞ւմ է սա, որ ՀՀ-ն ընդունում է ձախողումը, և որ ի վերջո` իրականացան այն գնահատականները, որ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը վիժեցնելու է Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Նա նշեց, որ հայ-թուրքական բանակցություններից հետո Ցեղասպանությունը ճանաչել է միայն Շվեդիան, իսկ ամերիկյան նախագահական ընտրությունների արշավի ժամանակ չէր եղել դեպք, որ Ցեղասպանության հարցը չբարձրացվեր, այնինչ այս տարի ոչ մի խոսք չասվեց այդ մասին:
Անդրադառնալով Կինշասայի հավաքին և բարեկամներ ձեռք բերելուն՝ Փաշինյանը հետաքրքրվեց՝ քանի՞ նախագահ է այցելել ՀՀ վերջին տարում:
«Կարծում եմ` Դուք սխալ եք, պարոն Փաշինյան, երբ ասում եք, որ ԱԳՆ-ին չպետք է հետաքրքրի այլ երկրները էկզոտիկ անվանելը, քանի որ դրանով դուք փչացնում ենք այդ երկրների հետ կապը և փակում եք պատուհանը այդ երկրների հետ հարաբերություններ զարգացնելու առումով: Եվ չեմ կարծում, որ մարդիկ, որ պատկերացում ունեն արտաքին քաղաքականությունից դպրոցական աշխարհագրության դասագրքերով, պետք է իրենց իրավունք վերապահեն խորհուրդ տալ, թե ինչ անեն արտաքին քաղաքականության ոլորտում: Խոսքս Ձեր մասին չէ, այլ Դուք գիտեք` ով էր հայտարարել»,- հակադարձեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նալբանդյանը պնդեց, որ Ադրբեջանում Հունգարիան քայլեր ձեռնարկում էր ոչ թե հենց այդ օգոստոս ամսին, այլ տարիներ շարունակ, և ՀՀ ԱԳ նախարարը մանրամասն ներկայացրել է ձեռնարկած քայլերը, և պետք չէ շահարկել, կախել պիտակներ, քանի որ ինքն էլ կարող է պիտակներ կախել:
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Նալբանդյանը հայտարարեց, թե առաջին անգամ պատմության մեջ Հայաստանը Թուրքիայի հետ խոսեց հավասարը հավասարի հետ, նման բան պատմության մեջ չէր եղել, և զգուշացրեց, թե մեր հանրային կարծիքը լսում են ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև դրսում, և պետք է մտածել երկրի շահերի մասին:
Ըստ նախարարի՝ այս տարի ՀՀ կայցելի առնվազն 20 արտգործնախարար: Նալբանդյանը կրկին շեշտեց, թե «պետք չէ շահարկումեր անել այն տպավորությամբ, որ մեղավորը Դուք եք, ճիշտը՝ ես»:
«Պրն Նալբանդյան, Դուք շատ բոցաշունչ ճառ արտասանեցիք, բայց ցավոք սրտի, հարցերին չպատասխանեցիք»,- հակադարձեց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ Ռամիլ Սաֆարովի ազատելու նախորդ վեց ամսվա ընթացքում ՀՀ-ն դեսպան չի ունեցել Հունգարիայում. «Ձեզ թվում է՝ շահարկում բառը օգտագործելով, Ձեր խոսքը ավելի տպավորիչ է դառնում: Ես փաստն եմ արձանագրում: Եթե ունեք ուրիշ փաստեր, արձանագրեք դրանք, իսկ եթե որոշել եք ինձ հետ մրցության մեջ մտնել, թե ով ավելի շատ կարտասանի շահարկում բառը, այդտեղ դուք հաղթեցիք` ինչքան ուզում եք ասեք շահարկում, որովհետև շահարկողը Դուք եք»:
«Ասել, որ մենք Հունգարիայում չենք ունեցել դեսպան… հիմա որ ասեմ շահարկում եք, կասեք` շահարկում բառն եք օգտագործում: Չի կարող այդպես լինել, որ պրն Փաշինյանը այսօր որոշի, մյուս օրն ինքը արդեն նշանակված է»,- նկատեց Է. Նալբանդյանը և բացատրեց, թե ինչ բարդ գործընթաց է դեսպանների նշանակումը:
«Ինչի Փաշինյա՞նն է որոշում»,- զարմացավ Փաշինյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































