Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան Facebook-ի իր էջում այսօր գրել է, որ վերադարձել է հայրենիք և պատրաստ է պատասխանել իր գործունեությանն առնչվող բոլոր հարցերին:
Հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո վրացական մամուլը գրեց, թե ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան և պաշտպանության փոխնախարար Դատա Ախալայան լքել են երկիրը և թաքնվում են Թուրքիայում՝ սպասելով ամերիկյան վիզայի ստացմանը:
Այս կապակցությամբ Բաչո Ախալայան Facebook-ի իր էջում գրել է. «Ցանկանում եմ հրապարակավ հայտարարել, որ ես երկիրը լքել եմ ժամանակավորապես: Ցանկանում եմ դիմել վրաց ժողովրդին, որ ես պատասխանատու եմ իմ ամեն գործողության, իմ յուրաքանչյուր քայլի համար: Ես վերադարձել եմ Վրաստան և պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին՝ համապատասխան կառույցների կողմից հետաքննության սկսման դեպքում:
Վերջին ժամանակներս «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչները կեղտոտ զրպարտիչ կամպանիա են ծավալել իմ դեմ՝ շրջանառության մեջ դնելով այն, որ ես իբրև թե մեղավոր եմ մարդկանց կտտանքների ենթարկելու, կոռուպցիայի մեջ և իբրև թե այդ պատճառով եմ լքել երկիրը՝ խուսափելու համար արդարադատությունից:
Ես երկիրը լքել եմ նրա համար, որ հետագայում ինձ չմեղադրեին երկրի նոր ղեկավարությանը իշխանության փոխանցման գործընթացին խոչընդոտելու մեջ: Ցանկանում եմ ընդգծել, որ ես կիսել և կիսում եմ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքականությունը: Իմ գործունեությամբ ես մշտապես ծառայել եմ վրացական պետությանն ու Վրաստանի քաղաքացուն»:









































