Երևան քաղաքի տարածքում գտնվող կառուցապատման ենթակա տարածքների կառուցապատողների կողմից դադարեցված շինաշխատանքները շարունակելու նպատակով ձեռնարկված միջոցների հետ կապված` իրաբավանական վարչության պետը զեկուցել է, որ համապատասխան կազմակերպություններին ծանուցումներ են ուղարկվելու` առավելագույնը մեկամսյա ժամկետում քաղաքաշինական նոր հայտ ներկայացնելու համար, հակառակ դեպքում դատական կարգով կդադարեցվեն դրանց հողի նկատմամբ իրավունքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման, փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա հսկողությունն ու Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:
Գույքագրվում, թարմացվում և փոխվում են մայրաքաղաքում առկա ճանապարհային երթևեկության վնասված նշանները: Հանձնարարվել է գույքագրել կահավորման կարիք ունեցող կանգառասրահները` այդ աշխատանքները հաջորդ տարվա ծրագրերում նախատեսելու համար:
Երևանի ավագանու նիստում բարձրացված հարցի հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի առանձին փողոցների ճանապարհային նշանների համապատասխանությունը տվյալ փողոցներում տեղադրված արձանագրման տեսախցիկների և արագաչափերի աշխատանքների հետ:











































