Այսօր «Առաջին լրատվականը» Facebook-ի էջում հարցում էր տեղադրել, թե մեր համաքաղաքացիները ո՞ւմ կուզեին տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում և ինչո՞ւ:
Պատասխաններից կարելի է եզրակացնել, որ օգտատերերի մեծ մասը ԱՄՆ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել Օբամային: Ստորև ներկայացնում ենք օգտատերերի մի քանի ուշագրավ գրառումները:
Օգտատեր Վահագն Ալեքսանյանը գրել է. «Բնականաբար՝ Օբամա. ԱՄՆ-ի նման պետության ղեկին չպետք է լինի մարդ, որը բիզնես համագումարի ժամանակ խոսում է այն մասին, որ թքած ունի երկրի բնակչության 47%-ի վրա: ԱՄՆ-ն համարվում է լիբերալ արժեքների բնօրրան, իսկ այդպիսի երկրում ոչ մի կերպ չի կարելի որպես նախագահ տեսել մարդու, որ կարծում է, թե իրավասու է կանանց փոխարեն որոշելու, թե ինչ միջադիրներ պետք է նրանք օգտագործեն:
Հատկանշական է նաև Ռոմնիի՝ սեփական հարկային վճարումները թաքցնելու փաստը: Վախ է ներշնչում նրա` ռազմական բյուջեն երեք տրիլիոնով ավելացնելու ծրագիրը (վստահ եմ, այդ գումարով նոր պատերազմներ են տարվելու և ոչ թե պլազմային հեռուստացույցներ գնվելու զինվորների համար): Այսինքն՝ կարելի ասել, որ հօգուտ Օբամայի ավելի շատ աշխատեցին Ռոմնիի թերությունները, քան հենց ինքը` Օբաման»։
Մեկ այլ գրառման մեջ Վահագն Ալեքսանյանը գրել է, որ հայերի վիճակը միայն Ցեղասպանության հարցից չի կախված: ԱՄՆ-ի քաղաքականությամբ է պայմանավորված ամբողջ աշխարհի առաջընթացը կամ դրա բացակայությունը. «Մենք էլ, ինչքան գիտեմ, այդ աշխարհի մի շատ փոքր, բայց, այնուամենայնիվ, մասն ենք»:
Օգտատեր Խաչիկ Սարգսյանն էլ գրել է, որ Ռոմնիի մասոնա- մորմոնական օթյակից Հայաստանի մորմոնների համար նոր, ավելի ուժեղ հովանավոր կլինի։ Մեկ այլ օգտատեր նշել է, որ, իհարկե, Ռոմնին ավելի պատասխանատու և իր խոսքի տեր մարդ է երևում, համապատասխանում է բոլոր մարդկային չափանիշներին, իսկ Օբաման ոչ միայն իր խոսքի տեր մարդ չէ, այլև ուղղակի շահամոլ ու անուղեղ մարդ է, որը չէր մտածում, որ հետագայում նույնպես ընտրություններ կան, և հայերի աջակցությունն իրեն էլի պետք կգա:
Օգտատերերից մեկն էլ գրել է. «ԱՄՆ նոր նախագահից է կախված ողջ մոլորակի հետագա ճակատագիրը: Ռոմնին, որը խոստանում է ավելի կոշտ դիրք գրավել Ռուսաստանի հանդեպ, մոլորակին սպառնում է պատերազմով, որն աղետալի կլինի մարդկության համար, քանի որ պատերազմը համաշխարհային բնույթ կկրի։ Սակայն հատկանշական է, որ Ռոմնին և նրա հովանավոր մորմոնները կարող են ամբողջովին փակել ԱՄՆ-ի պետական պարտքը։ Օբաման ևս լավագույն թեկնածուն չէ. նա չկարողացավ ապահովել ԱՄՆ-ի տնտեսական աճը, դրա փոխարեն աճեց գործազրկությունը, և մեծ թվով մարդիկ մատնվեցին սովի և աղքատության: Եվ հետո, ԱՄՆ միջամտության շարունակությունը Արևելքում հետագայում ևս կարող է հանգեցնել լայնամաշտաբ պատերազմի»։ Այս երկուսից օգտատերը նախընտրում է Օբամային՝ «չարյաց փոքրագույնը»:






































