Հայ ազգային կոնգրեսի գերակշիռ մասը չի դադարում իրեն մատուցել ԲՀԿ-ին և այդ կուսակցությանը համոզել, որ Կոնգրեսը պետք է նրան չկործանվելու և Սերժ Սարգսյանին հաղթելու համար: «Բարգավաճ Հայաստանը», սակայն, կարծես թե որևէ կերպ չի համոզվում, քանի որ այնտեղ, ըստ ամենայնի, սեփական համոզումն ունեն առ այն, որ Հայ ազգային կոնգրեսը իրենց ոչնչով օգնել չի կարող, սակայն չի խանգարի Կոնգրեսին մշտապես ունենալ իրենց կողքին և դրանով զանազան հարցեր լուծել:
ԲՀԿ-ն ներկայումս վարում է հենց այդ մարտավարությունը՝ Կոնգրեսին չի վանում, չի այրում կամուրջները, սակայն այդպես էլ չի տալիս էական ազդակներ, թե պատրաստ է նախագահական ընտրությանը համագործակցել կոնգրեսականների հետ: Այն պնդումները, որ անում են Կոնգրեսի տարբեր տրամաչափի ներկայացուցիչները, թե ԲՀԿ համար ելքը Կոնգրեսին միանալն է, մեղմ ասած վկայում է կա՛մ ժամանակի ու տարածության զգացման կորստի, կա՛մ պարզապես սեփական ուժերի գերագնահատման մասին, քանի որ ներկայումս պարզապես հարց չի կարող դրված լինել ԲՀԿ-ի Կոնգրեսին միանալու մասին, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» ներկայումս քաղաքական դաշտի, այսպես ասած, ընդդիմադիր թևի անխոս առաջատարն է, ինչի վկայությունն էր հենց միայն այն, որ խորհրդարանի ընտրությանը Կոնգրեսի եզրափակիչ միտինգների աուդիտորիան արդեն ԲՀԿ-ն էր ապահովում իր միտինգին բերած մարդկանց շնորհիվ:
Այս տեսանկյունից, ներկայումս քաղաքական դաշտում հյուսվում է մի մեծ քաղաքական բլեֆ, որը հասցեագրված է հասարակությանը և վերնագրված է Կոնգրես-ԲՀԿ համագործակցություն կամ հեռանկար: Այս բլեֆը նաև Սերժ Սարգսյանի սրտով է, քանի որ նախ հանդիսանում է հասարակությանը զբաղեցնող մի տարր, բացի այդ` Հայ ազգային կոնգրեսն ու «Բարգավաճ Հայաստանը» հոգեբանական կաթվածի են ենթարկում հասարակական, քաղաքացիական որևէ մտածողություն, ամայացնում են քաղաքական դաշտը, իսկ ինքնին էլ լինելով ամայի, փաստացի ապահովում այնտեղ Սերժ Սարգսյանի գերակայությունը: Այլ կերպ ասած` Հայ ազգային կոնգրեսն ու «Բարգավաճ Հայաստանը» ներկայումս այնպիսի ծառայություն են մատուցում Սերժ Սարգսյանին և Հայաստանի իշխող վարչակարգին, որպիսին չէին կարող անգամ երևակայել, ասենք, պալատական մտավորականների հանրույթը, կամ թեկուզ հենց Սերժ Սարգսյանի հարազատ ՀՀԿ-ն:
Կոնգրեսն ու ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի համար քաղաքական դաշտում ջրածնային ռումբի էֆեկտ կարող են թողնել, երբ դրա պայթյունից հետո այլևս երբևէ չի կարող այդ դաշտում որևէ «կենդանի շունչ» առաջանալ: Սարգսյանն ինքն էլ շատ լավ հասկանում և պատկերացնում է այդ էֆեկտն իր համար: Պատահական չէ, որ վերջին շրջանում ՀՀԿ-ն է ստանձնել «Բարգավաճ Հայաստանի» դեմ ելույթների, այսպես ասած, նախաձեռնությունը: Եթե նախկինում հիմնականում գրոհում էր ԲՀԿ-ն՝ նախկին փոխադարձ սրացումների պարագայում, իսկ Հանրապետականը հիմնականում գտնվում էր պասիվ պատասխանողի դերում, ապա այս օրերին նախաձեռնությունն ակնհայտորեն վերցրել են ՀՀԿ-ականները, և նրանք ակտիվորեն քննադատում, խայթում են ԲՀԿ-ի այս կամ այն անդամին, հեգնում են նրան, ծաղրում, քննադատում անցյալն ու ներկան, հիշեցնում ինչ-որ բաներ: Այսինքն` ՀՀԿ-ն նախահարձակ է լինում` սրանով կարծես թե «Բարգավաճ Հայաստանին» ստիպելով որոշակիորեն ավելի ուշադիր լինել ՀԱԿ հանդեպ:
Բանն այն է, որ եթե նախագահական ընտրություններից առաջ այդ միֆը քանդվի, Սերժ Սարգսյանը կարող է կանգնել նոր որոշակի միֆեր հյուսելու անհրաժեշտության առաջ, իսկ կողքից էլ կարող են հանկարծ առաջանալ այլ միտումներ և հոսանքներ, այլ քաղաքացիական, հասարակական հարցադրումներ: Այս ամենը պետք է ծածկել ՀԱԿ-ԲՀԿ տանդեմի մասին գեղեցիկ հեքիաթով: Առավել ևս, որ ՀԱԿ-ն ինքը հաճույքով ստանձնել է այդ հեքիաթը գրելու, հեքիաթասացի կարգավիճակը, և Սերժ Սարգսյանին ընդամենը մնում է այնպես անել, որ ԲՀԿ-ն հանկարծ լրիվ երես չթեքի ՀԱԿ-ից և փչացնի ամեն ինչ: Ինչ վերաբերում է իշխանափոխության վտանգին, որ կարող են անել ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միասին, ապա ԲՀԿ-ն առանձին երևի ավելի շուտ կկարողանա հասնել իշխանափոխության կամ միգուցե ավելի լուրջ խնդիրներ դնի Սերժ Սարգսյանի առաջ, քան երբ ԲՀԿ պոչից կպած է կամ քղանցքից կախված է Հայ ազգային կոնգրեսը: Սերժ Սարգսյանը սա էլ է լավ պատկերացնում, և նաև սրա համար է, որ փորձում է ԲՀԿ-ին մղել դեպի ՀԱԿ-ը: Եթե ԲՀԿ-ն մենակ մնա, այստեղ կարող են տեղի ունենալ բյուրեղացման գործընթացներ, իսկ բյուրեղն էլ կարող է գայթակղիչ լինել որոշ հանրապետականների համար: Իսկ Սերժ Սարգսյանին ԲՀԿ-ի բյուրեղացում պետք չէ, ու դա կամա, թե ակամա լավագույնս կարող է խափանել ՀԱԿ-ի «քաղաքագիտական» միտքը: Միգուցե ԲՀԿ-ում էլ զգացել են այդ վտանգը և վերջին շրջանում բավական սառն են ՀԱԿ-ի հրապարակային և արդեն նույնիսկ անպարկեշտության սահմաններն անցնող գգվանքների հանդեպ: Օրինակ, ի տարբերություն ՀԱԿ-ի ակնարկների, որ իրենք նախագահական ընտրությանը միասնական ճակատի վերաբերյալ բանակցում են քաղաքական ուժերի հետ, «Բարգավաճ Հայաստանը» միարժեք հայտարարում է, որ ոչ մի ուժի հետ էլ իրենք չեն բանակցում: ՀԱԿ-ի հայտարարությունների ֆոնին սա նույնիսկ հավասարազոր է ապտակի:









































