Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Թեո Ուոլքոթը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, քանի որ տեղ չի գտնում թիմի մեկնարկային կազմում, հաղորդում է The Sunday Times-ը:
Ֆուտբոլիստը պատրաստ է դիտարկել այլ ակումբներ տեղափոխվելու տարբերակները այն բանից հետո, երբ չհայտնվեց թիմի մեկնարկային կազմում «Յունայթեդ»-ի դեմ խաղում, չնայած մի քանի օր առաջ հեթ-տրիկի հեղինակ էր դարձել գավաթային խաղում:
Նշենք, որ նրա ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլ»-ը: Ուոլքոթի ներկա պայմանագիրը ավարտվում է 2013 թվականի ամռանը:
Հարկ է նշել, որ ակումբի առաջին փորձը երկարաձգել պայմանագիրը անհաջողությամբ է պսակվել: «Արսենալ»-ը առաջարկել է 5 տարվա պայմանագիր շաբաթական 75 հազար ֆունտ աշխատավարձով, սակայն Ուոլքոթը մերժել է այդ առաջարկը:










































