Վրաստանում հաստատված փաստացի երկիշխանությունը՝ ի դեմս Սաակաշվիլիի և Իվանիշվիլիի, երկրում իրական բարեփոխումներ կբերի, և յուրաքանչյուր կողմը կփորձի «կոմպրոմատների» միջոցով իր կշիռը բարձրացնել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վրացագետ Ջոն Մելիքյանը նշեց, որ հենց դրա արդյունքում են վրացիները սկսել խոսել նախագահական ապարատի ահռելի ծախսերի մասին: Օրինակ` միայն հոսանքի տարեկան վարձը կազմել է շուրջ 600 հզ. դոլար, Պաշտպանության նախարարությունը կարող է հրաժարվել իր հաշվեկշռում գրանցված նախագահական ինքնաթիռից, որի ծախսը կազմում է մոտ 34.5 մլն դոլար և այլն:
Ջ.Մելիքյանը նշեց, որ Վրաստանի 2013-ի բյուջեում ազգային անվտանգության խորհրդի 14 մլն դոլար ծախսից մոտ 10 միլիոնը «աննպատակային» է որակվել, 60.6 մլն դոլարով նվազեցվել է Թբիլիսիի քաղաքապետարանի ծախսը, որը նախատեսվել էր 270 մլն դոլար: Վրացագետը հայտնեց, որ ներկայումս լուրջ կրճատումների գործընթաց է սկսվել Վրաստանում: Օրինակ՝ ԱԱԽ-ի ծախսը շատ ավելին էր, քան նմանատիպ մի նախարարության ծախսը, քանի որ ԱԱԽ-ն ամերիկյան կազմակերպություններին լոբբիստական գործունեություն էր պատվիրում: Կրճատվելու է նաև Թբիլիսիի քաղաքապետարանի սոցվճարների ծառայությունը:
Վրաստանի ԱԳՆ-ին 2010 թ. պետբյուջեով հատկացվել է 42 մլն դոլար, 2011-ին՝ 44 մլն դոլար: Ազգային ժողովի հատկացումները 2011-ին կազմել են 24 մլն դոլար, նախագահականինը՝ 9 մլն: Ընդհանուր առմամբ ՎՀ-ում նախարարությունների թիվը 20-ն է, այդ թվում` ոստիկանությունը, որն այնտեղ ներքին գործերի նախարարության կարգավիճակով է:
Համեմատության համար նշենք, որ Հայաստանում 18 նախարարություն կա: ՀՀ ԱԺ-ն 2011-ի պետական միջոցներից ծախսել է մոտ 8 մլն դոլար, նախագահի աշխատակազմը՝ 9.6 մլն դոլար, ԱԳՆ-ն՝ 24 մլն դոլար:
Ի դեպ, Վրաստանի ՀՆԱ-ն 2011-ին կազմել է 14 մլրդ դոլար, Հայաստանինը՝ մոտ 10 մլրդ դոլար: Հայաստանում պետական ապարատի կրճատումների միտում չի նկատվում: Դեռ մի բան էլ հակառակը:











































