ԱՄՆ նախընտրական քարոզարշավի ավարտից ընդամենը մի քանի օր առաջ Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի որդի Մեթյուն այցով ժամանել է Մոսկվա: Ըստ Excel Trust-ի թոփ մենեջերներից մեկի` այցի նպատակը ԱՄՆ ռուս ներդրողների ներգրավելն էր: Ավելին` մի շարք աղբյուրների տվյալներով, Մեթյու Ռոմնին կապ է հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի մարդկանց հետ և նրանց միջոցով նախագահին փոխանցել է, որ հանրապետականների հաղթանակը չի նշանակում Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների ավտոմատ վատացում:
Մեթյու Ռոմնիի այցի մասին հայտնել է New York Times-ը: Թերթի տվյալներով` Մեթյուն բանակցություններ է վարել ռուսաստանցի հավանական ներդրողների հետ, որոնց կհետաքրքրեր Excel Trust-ի գործունեությունը: Ընկերությունը աշխատում է անշարժ գույքի բնագավառում, մասնավորապես մի շարք նահանգներում ղեկավարում է առևտրի կենտրոններ:
Մինչ օրս Excel Trust-ի գործունեությունը կենտրոնացած է եղել ներքին շուկայի վրա, սակայն վերջերս ընկերությունը որոշել է ակտիվացնել իր գործունեությունը արտերկրում` Ռուսաստանում և ԵՄ երկրներում:
Միթ Ռոմնիի շտաբի ներկայացուցիչները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ Մեթյուի այցի վերաբերյալ:










































