ԱԺ իրավաբանական վարչությունը փորձաքննության է ենթարկել և օրերս դրական եզրակացություն է տվել ՀԱԿ առաջարկած նախագծին՝ ԱԺ-ում Մարտի 1-ի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու մասին: Նշենք, որ ՀԱԿ-ն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել «2008թ. Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծ: Այն դեռ չի ներառվել ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:
Նախագծի վերաբերյալ իրավաբանական վարչության որոշման մեջ ասվում է, որ նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել և այն «համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածին, որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չկան»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեցինք, թե սա կարո՞ղ է դրական ազդակ լինել Մարտի 1-ի հանձնաժողովի մասին որոշման ընդունման համար: «Դա ֆորմալ կողմ է, որ որոշման դրույթներին համապատասխանում է որոշման նախագիծը: Իրավաբանական վարչությունը ցանկացած նախագծի վերաբերյալ փորձաքննություն է իրականացնում, տալիս է եզրակացություն ֆորմալ, ձևական կողմի վերաբերյալ: Բովանդակության վերաբերյալ իրենք ոչինչ չեն կարող ասել: Իրենք իրավունք էլ չունեն»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավորը:
Մինչդեռ նույն ՀԱԿ-ի ներկայացրած մեկ այլ օրինագծի՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին նույն իրավաբանական վարչությունը մի շարք առարկություններ և առաջարկություններ է ներկայացրել՝ մի շարք հոդվածներ համարելով Սահմանադրությանը հակասող:
Մարտի 1-ի օպերացիան իրականացնողներից ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) նոր հանձնաժողով ստեղծելու իմաստ չի տեսնում: «Կոնկրետ ես՝ որպես Մարտի 1-ով անցած մարդ, անցնող մարդ, գտնում եմ, որ ժամանակավոր այդ նույն հանձնաժողովը ստեղծվել է, 1.5 տարի էլ աշխատել է ու բոլոր հարցերին պատասխան տվել է: Չեմ կարծում՝ 4 տարի հետո ստեղծվելիք հանձնաժողովը ինչ-որ նոր բան կհայտնաբերի կամ կանի: Եթե էն ժամանակ այդ պրոցեսներում այս գնահատականներն է տրվել, հիմա 4 տարի անց ես չեմ կարծում, որ նոր բաներ է հայտնաբերելու կամ ապացուցելու: Պարզապես քաղաքական նպատակներով նորից մեկ անգամ շահարկվելու է Մարտի 1-ը»,- մեզ հետ զրույցում հայտարարեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատարը: Մեր դիտարկմանը, թե եթե քաղաքական նպատակներով կոծկվում է նույն Մարտի 1-ը, ի՞նչ պիտի արվի, Շերիֆը չպատասխանեց. «Ճիշտն ասած՝ այդ հարցը դուք պիտի ուղղեք իրավապահ մարմիններին, որոնք էդ քննությունը կատարել են, էդ քննությամբ զբաղվել են: Ես չեմ կարող էդ հարցին պատասխանել, որովհետև 4 տարի և ավելի ես էդ հարցերից դուրս եմ եղել»:
Նշենք, որ հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի հիմնավորման մեջ ՀԱԿ պատգամավորները նշում են, որ «Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու սույն նախագիծը իր ուսումնասիրման առարկայով, հետապնդող խնդիրներով լիովին տարբերվում է նախորդ հանձնաժողովից: Հիմնական տարբերիչ հատկանիշն այն է, որ վերջինս սահմանափակվելու է սպանությունների, հրազենային ու մարմնական այլ վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքների, դրանց պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունների ուսումնասիրմամբ, և գնահատելու է ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների և կայացրած որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը: Պակաս կարևոր հանգամանք չէ նաև, որ այս հանձնաժողովի կազմում հանձնաժողովի անդամի լիիրավ լիազորությամբ մասնակցելու է Մարտի 1-2-ի դեպքերի հիմնական պահանջատեր քաղաքական ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը, ինչը էականորեն կմեծացնի այդ հանձնաժողովի գործունեության և դրա արդյունքում կազմված եզրակացության հանդեպ հասարակական վստահությունը»:












































