Պաշտոնական այցով Չինաստան այցելած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության համար կարևոր ձեռքբերումով է վերադարձել. Չինաստանի կոմկուսը ՕԵԿ-ի հետ պաշտոնապես համագործակցելու առաջարկ է արել:
«Զարմանալի է, բայց նրանք տեղյակ են ՕԵԿ-ի ողջ գործունեությունից»,- «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում ասել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Երեկ երեկոյան կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ է գումարել և քննարկել ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Որոշվել է դեկտեմբերի 22-ին անցկացնել արտահերթ համագումար՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ որոշ հստակեցումներ անելու համար: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ համաձայն կոալիցիոն հուշագրի՝ իրենք առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Այսօրվա ներքաղաքական վիճակը Արթուր Բաղդասարյանը գնահատել է «սպասողական»։ «Նոյեմբերի վերջին բոլոր ուժերը իրենց դիրքորոշումը հայտնած կլինեն»,- ասել է Արթուր Բաղդասարյանն ու հավելել, որ մեր երկիրն ունի ազատ, թափանցիկ ընտրությունների կարիք:








































