«Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները զարգանում են բուռն կերպով: Միայն վերջին 2 ամիսներին կարևոր զարգացումներ եղան: Խոսքը վերաբերում է Հայաստանի և ԵՄ–ի միջև ազատ առևտրի զարգացման, դեպի ԵՄ շուկա ազատ ներթափանցումներին, սահմանային ընթացակարգերին և այլն»,- «Հ2»հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նա կարևորել է հոկտեմբերի 18-ին Բրյույսելում ստորագրված համաձայնագիրը, ըստ որի՝ 2013թ. առաջին եռամսյակից հետո ՀՀ քաղաքացիները ԵՄ անդամ երկրներ կմեկնեն մուտքի արտոնագրի ստացման դյուրացված ռեժիմով: «Սա շատ կարևոր քայլ էր: ՀՀ քաղաքացիները ԵՄ անդամ երկրների դեսպանատերի առջև հերթ են կանգնում վիզա ստանալու համար»,- ասել է Արթուր Բաղդասարյանն ու հավելել, որ հիմա շատ ռեֆորմներ են իրականացվում, որոնց արդյունքը կունենանք ամիսներ անց:
Արթուր Բաղդասարյանը կարևորել է նաև Հայաստանում անցկացված ՀԱՊԿ զորավարժությունները, դա գնահատել «փայլուն», Հայաստանին համարել ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամը:
«Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ռազմավարական գործընկերը»,- հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ու որպես կարևոր ձեռքբերում նշել մեր երկրում հայ-ռուսական համատեղ բազաների ստեղծումը՝ արտակարգ իրավիճակների ոլորտում, որը հնարավորություն կտա Հայաստան բերել նորագույն տեխնիկա, համապատասխան միջոցներ՝ անհրաժեշտ դեպքում տարածաշրջանին օգտակար լինելու համար: Արթուր Բաղդասարյանի՝ ՌԴ կատարած այցի ընթացքում համաձայնության են եկել նաև ռազմատեխնիկական պայմանագրի թարմացման շուրջ: «Սա մեզ հնարավորություն կտա ուղիղ կապ հաստատել Հայաստանի և ՌԴ–ի ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների միջև»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:









































