«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը:
– Մենք երբեմն թեժացող, երբեմն սառչող քաղաքական շրջափուլում ենք։ Ինչպե՞ս կբնորոշեք նախընտրական այս աննախադեպ իրավիճակը, երբ քաղաքական օրակարգը ձևավորում է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ բացառապես իշխանական կուսակցությունները։
– Մինչ այս էլ տխուր սեզոններ ունեցել ենք։ Ըստ երևույթին, հիմա էլ անկազմակերպ ու հանպատրաստից ինչ-որ պրոցեսներ տեղի կունենան, սակայն ակնհայտ է, որ երկրի համար դրական հեռանկար չի երևում։ Ընդդիմությունը ջախջախված վիճակում է, հասարակությունը հիասթափված է բոլոր քաղաքական ուժերից։ Սա շատ ցավալի հարթակ է այն ազնիվ գործիչների համար, որոնք մտածում են ինչ-որ բան անել։ Ուրեմն՝ զարգացման ի՞նչ տարբերակներ կան։ Հնարավոր է, որ իշխանության մեջ կլանային պայքար ընթանա՝ ընտրությունների հետ կապված։ Այս դեպքում ժողովրդի առջև խնդիր է դրվում, թե որ օլիգարխն է ավելի լավը։ Բնականաբար, պետք է ժողովրդին ասենք, որ բոլոր օլիգարխներն էլ երկրի զարգացման համար չարիք են։
– Հետևա՞նքը։
– Կունենանք հետագա դեգրադացիա։
– Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ընտրվելու, լեգիտիմ նախագահ դառնալու բոլոր նախադրյալներն ունի։
– Եվս մի հիասթափության ալիք, որտեղ մենք տեսնում ենք, որ երկիր ենք կորցնում։
– Որովհետև հասկանում ենք, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող իր քաղաքական ուժով այնպիսի այլընտրանք լինել իշխանությանը, որ կարողանա նաև որակական փոփոխություններ բերել։
– Մյուս՝ ավելի հավանական տարբերակն այն է, որ կգան ինչ-ինչ համաձայնությունների, և արդյունքում Սերժ Սարգսյանը կկարողանա վերընտրվել։ Ցանկությունս է, որ այն առողջ ուժերը, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից, փորձեին միավորվել՝ խանգարելու համար խաղի այս երկու տարբերակները և չթողնեին, որ այնպիսի տպավորություն ստեղծվի, թե հարյուր տոկոսանոց լեգիտիմ նախագահ ընտրվեց մեկը, որը նախորդ հինգ տարիներին ոչ միայն ապօրինի էր իշխում, այլև տապալվել էր բոլոր ոլորտներում, և երկրորդ՝ նախապատրաստեին հետագա անելիքները։
– Բայց կարծես ժողովրդի մեջ էլ այդ ցանկությունը չկա։
– Ժողովուրդը 99 տոկոսով ընդդիմադիր է։ Դժգոհությունը համատարած է։
– Բայց պատվերը չկա քաղաքական գործիչներին։
– Ինձ թվում է՝ հենց որ համարձակ խոսք և ազնիվ գնահատական հնչի իրավիճակի վերաբերյալ և ճիշտ ուղի առաջարկվի անհատի կամ մի խումբ միավորված անհատների կողմից, ժողովուրդը դա գնահատելու է և արձագանքելու է։
– Շատ վերլուծաբաններ և ընտրական տեխնոլոգիաների մասնագետներ վստահ են, որ այս ընտրությունները մեծապես պայմանավորում են գերտերությունները, և այսօր քաղաքական առաջին ճակատում մրցակցող ուժերի առաջնորդներն իրականում իրենք չեն որոշում կայացնողը և սպասարկում են այս կամ այն քաղաքական բևեռին և նրանց շահերը Հայաստանում։ Կիսո՞ւմեք, արդյոք, այս տեսակետը, և ՀԱԿ-ի՝ ԲՀԿ-ի հետ գործակցելու մասին որոշումը դրա՞ արդյունքն է։
– Ըստ իս, արտաքին ուժերի ազդեցությունը փոքր-ինչ չափազանցվում է մեր մամուլում և վերլուծաբանների կողմից։ Ակնհայտ է, որ արտաքին ուժերը պետք է տեղում ինչ-որ լծակներ ունենան, որպեսզի կարողանան դրանք օգտագործել։ Եթե երկրում կա մի ուժ, որն ունի հենարան՝ ի դեմս ժողովրդի, և ունի ծրագիր, որը չի համընկնում արտաքին ուժերի ծրագրերին, դա գործոն է, որի հետ պետք է հաշվի նստեն։ Մեզ մոտ, ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ նույնպես խեղաթյուրված է՝ քաղաքականությամբ զբաղվում են մարդիկ, որոնց հակացուցված է քաղաքականությունը։ Այսպիսի երևույթներ կան, բայց դրա դեմ միշտ էլ պայքար կա, որն իրական է դառնում, երբ հենվում ես սեփական ժողովրդի վրա։
– Եթե արտաքին ուժերի ազդեցությունը չափազանցված է, Կոնգրեսի վերջին շրջանի գործողություններին այլ բացատրություն կարո՞ղ եք տալ։
– Հայ ազգային կոնգրեսը կորցրեց ժողովրդի օժանդակությունը, երբ սկսեց անկեղծ չլինել նրա հետ։
– Ո՞ր պահից։
– Նախանշանները բավականին վաղուց կային, սակայն հիշվող դեպքերը կապված են այդ երկխոսության սկսվելու, Ազատության հրապարակը «հերոսաբար» նվաճելու հետ։ Այդտեղ ակնհայտ դարձավ, որ ինչ-որ ստվերային պայմանավորվածություններ կան։ Հայտարարեցին անժամկետ նստացույց, բայց առաջին օրն իսկ ասացին, թե պատուհանը բաց է բանակցությունների համար։ Ասում էին, որ պայքարում են արտահերթ ընտրությունների համար, բայց բոլորը տեսնում էին, որ պայքար չկա։ Զրկվելով ժողովրդի աջակցությունից, բնականաբար, պիտի փորձեն այլ տարբերակներով և այլ տեղերից աջակցություն ստանալ։ Կոնգրեսի ղեկավարն իր ելույթներում բազմիցս ռևերանսներ է արել Ռուսաստանի կողմը։ Իսկ ԲՀԿ-ի հետ համագործակցելու մասին որոշում կայացնելու հարցում պետք է փորձեն ժողովրդին համոզել, որ դա միակ ճիշտ ճանապարհն է։ Ինչպես տեսնում ենք, չեն կարողանում համոզել։
– Լևոն Զուրաբյանը մտահոգ է, որ եթե Սերժ Սարգսյանը կարողանա այս ընտրություններում հաղթել, կգնա, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի հետևից, և պետք է փոխել Ս. Սարգյանին, որպեսզի դա տեղի չունենա՝ ոչ Գագիկ Ծառուկյանը ունեզրկվի, ոչ Ռոբերտ Քոչարյանը։
– Այդ դրսևորումները տեղավորվում են այն ընդհանուր բանաձևի մեջ, որ, իբր, մենք այնքան խելամիտ ու խորամանկ ենք, որ իշխանության մի թևը հանում ենք մյուսի դեմ, և այդ պայքարի արդյունքում մոնոլիտը ճաքեր կտա ու կկործանվի։ Կասկածողներ կային այս բանաձևը մեջտեղ բերելու առաջին իսկ պահից, բայց տեսնենք արդյունքները։
– Մի կարևոր արդյունք տեսել ենք՝ խորհրդարանական ընտրությունները, որին Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց «Բոլորին, բացի հանրապետականներից» մարտավարությամբ։
– Մեկ տարի հետո ստացվել է հակառակը՝ ոչ թե իշխանական մոնոլիտն է թուլացել, ու մեջը կռիվ է ընկել, այլ Կոնգրեսը դարձել է մի պարզ կցորդ։ Ցավալի է, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ հույսեր էին կապում, և դա չհաջողվեց, բայց չի նշանակում, թե պետք է դադարեցվի պայքարը։
– Բայց ժողովրդին Հայաստանում պահելու հույսեր են պետք։
– Այդ հույսերը պիտի տա ի հայտ եկող քաղաքական էլիտան, որին դեռ չենք տեսնում, բայց ամեն ինչ պիտի անենք, որ նա գա։
– Այսինքն՝ հաջորդ ընտրությունների հույսով։
– Կարծում եմ, այս ընտրություններն էլ պետք է օգտագործվեն, որպեսզի այդ համախմբումը ստեղծվի, թույլ չտրվի, որ ինչ ուզեն անեն և դա ներկայացնեն իբրև ժողովրդավարություն։
– Այս իրավիճակը արագ փոխելու որևէ ռեսուրս չե՞ք տեսնում։
– Ոչ, դա ինչ-որ հրաշք պետք է լինի, որի հիմքերը չեմ տեսնում։
– Այսպես, թե այնպես՝ բոլոր քաղաքական ուժերը կամ այնտեղ պետք է լինեն, կամ մյուս կողմում՝ սեփական խաղ կարծես թե այլևս հնարավոր չէ։
– Կարծում եմ, հատուկ են ուզում այդպիսի ընտրության առջև կանգնեցնել քաղաքական ուժերին և ժողովրդին։ Չպետք է համաձայնել նման խաղի կանոններին։
– Բոյկոտե՞լ։ Օրինակ, Դաշնակցությունն ասում է՝ այսպիսի ընտրություններին կարող է չմասնակցենք, որպեսզի չլեգիտիմացնենք դրանք։
– Դե բոյկոտեք։ Ամենաանատամ տարբերակն է, որը կա մեր պայքարի պատմության մեջ։ Այն, որպես կանոն, որևէ ազդեցություն չի ունենում…
– Հակառակը։
– Այո, և դրսի ուժերն էլ չեն ընկալում, ասում են՝ դա պայքարի ամենաթույլ ձևն է։ Կարծում եմ, պետք է համախմբում ստեղծվի, որն ակտիվ մասնակցություն ունենա ընտրություններին։ Դեռ չենք ճշգրտում՝ թեկնածուով, թե առանց, չենք բացառում նաև բոյկոտը, եթե հնարավոր լինի այնպիսի էֆեկտիվ մեխանիզմ գտնել…
– Օրինակ, 2005-ի գաղջ վիճակում բոյկոտը որոշվեց որպես ամենաարդյունավետ գործիք։ Ճնշտ է, կեղծվեցին ընտրությունների արդյունքները, բայց ժողովուրդը չմասնակցեց ընտրություններին։
– Բոլորը տեսան, որ մարդ չմտավ տեղամասեր։ Սա է… Ցավում եմ, որ այլ հուսադրող բաներ չունեմ այս պահին ասելու, բայց իրավիճակն է այսպիսին։
Հուսանք, որ բեկում մտցնող նոր գործիքներ կգան ասպարեզ,և մենք ավելի հուսադրող նյութերի մասին կխոսենք։








































