Իրանական Fars News լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մասուդ Ջազայերին հայտարարել է, որ Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգն իրականում Իսրայելի հոգեբանական պատերազմի մասնիկն է, և որ այն լուրջ խոչընդոտ չի հանդիսանա իրանական հրթիռների համար.
«Աշխարհում գոյություն չունի այնպիսի երկաթե գմբեթ, որին չկարողանան խոցել իրանական հրթիռները: Այն, ինչ ասում են սիոնիստական այդ գմբեթի մասին, դա ավելի շուտ հոգեբանական պատերազմի ու քարոզչության մասնիկ է: Պետք չէ չափազանցնել իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու Իսրայելի սպառնալիքները:
Դրանք ահաբեկման հոգեբանական հնարքներ են, մինչդեռ իրականում Իսրայելին չի բավականացնում ռազմական հզորությունը՝ Իրանի վրա հարձակվելու համար: Ներկայումս Իսրայելը շատ խոցելի է, իսկ Իրանի վրա հարձակվելու հարցում իսրայելական իշխանությունների բացթողումները կարող են հանգեցնել նրան, որ սիոնիստական ռեժիմը պարզապես ոչնչացվի»:











































