Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը պատրաստվում է մանրամասն ուսումնասիրել համացանցում տարածում գտած՝ սիրիացի զինվորականների մահապատժի տեսանայութը: Ենթադրաբար, զինվորների մահապատիժն իրականացվել է սիրիացի ապստամբների կողմից: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով վարչության ներկայացուցիչ Ռուփերթ Քոլվիլին:
«Մենք դիտեցինք տեսանյութը: Դժվար է ստուգել, թե ով է իրականացրել այս սպանությունները: Մենք ուշադիր կուսումնասիրենք ձայնագրությունը»,- նշել է նա:
Քոլվիլն ընդգծել է, որ Սիրիայում հակամարտող երկու կողմերն էլ պետք է գիտակցեն, որ վաղ թե ուշ ռազմական հանցագործություն իրականացրած մարդիկ կկանգնեն դատարանի առաջ:
Հիշեցնենք, ավելի վաղ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը և Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը հաղորդել էին, որ սիրիական ընդդիմության գրոհայինները մահապատժի են ենթարկել մի քանի սիրիացի զինծառայողների: Խորհրդի ներկայացուցչի խոսքերով՝ զինվորները սպանվել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Սարաքեբ քաղաքում: Գնդակահարված զինվորների թիվը հայտնի չէ:









































