«Վարչապետը քաղաքական ուժերին առաջարկել է համագործակցել կոռուպցիայի դեմ պայքարում, և ես դա շատ նորմալ եմ համարում: Մենք բոլորս միասնաբար պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ, և այստեղ մեծ է ԱԺ-ի անելիքը, որը օրենսդիր մարմին է, և որտեղ ներկայացված են քաղաքական ուժերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նա տեղեկացրեց, որ ԱԺ-ում օրինագիծ կա, ըստ որի` նախատեսվում է ստեղծել նման մի հանձնաժողով, և հարցը պետք է քննարկվի. «Դա շատ զգայուն հարց է, ես չեմ ուզում շտապել: Մեր մոտեցումները պետք է հստակեցվեն` դրակա՞ն են, թե՞ բացասական, նաև պետք է օպոզիցիային ու քաղաքացիական հասարակությանը մասնակից դարձնել այդ գործընթացներին: Ես շատ դրական եմ համարում, և ընդհանրապես` յուրաքանչյուր մարմին՝ օրենսդիր, թե գործադիր, պետք է իրենց վերապահված գործառույթները կատարեն և չսպասեն, որ որևէ մեկը իրենց փոխարեն դրանք կկատարի: Նախագահի հանձնարարականները շատ տեղին են, նույնիսկ մի քիչ, կարելի է ասել, ուշացած. ժամանակին պետք է մարդկանց կոչել, որ այդ գործընթացներով զբաղվեն:
Ես զգում եմ, որ ահագին զգոնություն է նկատվում գերատեսչություններում, մարդիկ փորձում են չարած գործերը կատարել: Եվ դա շատ լավ է: Ես համոզված եմ` նախագահը լինելու է հետևողական, որ մարդիկ իրենց լիազորությունները կատարեն մինչև վերջ»:
Հ. Աբրահամյանը նշեց, թե վիրահատողին պետք է հարցնել, թե որ ոլորտը կենթարկվի վիրահատության: «ԱԺ-ում բոլորդ գիտեք, որ որևէ կոռուպցիա չի կարող լինել, նաև` տեսականորեն: Դա լինում է գործադիր, տեղական իշխանություններում, և օրենսդիրում կոռուպցիա փնտրելը ճիշտ չէ և անարդյունավետ է ի սկզբանե: Մենք մեր մասնակցությունը պետք է բերենք, ինչը ես նորմալ և արդարացված եմ համարում»,- նկատեց Հ. Աբրահամյանը:
Անդրադառնալով փոխվարչապետին առավել լայն լիազորություններով օժտելու նպատակով Սահմանադրական հանրաքվեի հարցին` Հ. Աբրահամյանը հայտարարեց, թե այդ հարցը քննարկվել է ՀՀԿ-ում: Ըստ նրա՝ մինչև նախագահական ընտրությունները, երբ նախատեսվում է նաև հանրաքվեն անցկացնել, «հասցնելու կամ չհասցնելու խնդիր չկա», և չի բացառվում, որ նախագահական ընտրությունների հետ կկազմակերպվի նաև Սահմանադրության քվեարկությունը:
Հարցին՝ արդյոք Աժ-ում նախապատրաստական աշխատանքներ տարվո՞ւմ են հանրաքվեի հետ կապված, Հ. Աբրահամյանը նկատեց. «Ես հո մամուլ չեմ, որ անպատասխանատու հայտարարություններ անեմ: Մենք մանրամասն չենք քննարկել, նման խոսակցություն կուսակցութունում եղել է, բայց չունենք պայմանավորվածություն: Եթե լինի կտեղեկացնենք»:











































