Այսօր նախագահական նստավայրի դիմաց մի խումբ նախկին օդաչուներ ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով առողջական վնասի փոխհատուցում:
Ակցիայի մասնակիցներից մեկը՝ նախկին օդաչու Դավիթ Դավթյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք 4 տարի շարունակ բողոքել են կառավարության շենքի դիմաց, սակայն վարչապետից այդպես էլ պատասխան չստանալով` արդեն մեկ տարի է, ինչ նախագահական նստավայրի դիմաց են բողոքում.
«Մարդիկ աշխատանքի ընթացքում կորցրել են իրենց առողջությունը: Քանի դեռ Հայկական ավիաուղիները կար, բոլորս ստացել ենք առողջությանը պատճառած վնասի փոխհատուցում: Բայց հետո` ինչ -ինչ փոփոխությունների արդյունքում, նրանք սնանկ ճանաչվեցին: 2006թ.-ի սեպտեմբերի 1-ից ոչ մի դրամ չեն վճարում:
2008թ.-ին կառավարության շենքի դիմաց էինք ակցիաներ կազմակերպում, իսկ անցած տարվա նոյեմբերից այստեղ ենք: Այստեղ էլ խոստանում են, որ ինչ-որ բան կանեն, բայց դեռ սպասում ենք: Փոխհատուցում վճարել է Հայկական ավիաուղիները, որին կանխամտածված սնանկացրին:
Հայկական ավիաուղիների բոլոր չվերթները տվեցին «Արմավիա»-ին, շենք-շինություններն էլ՝ Էռնեկյանին: Ինչո՞ւ Հայկական ավիաուղիները 5 միլիոն դրամով տվեցին ուրիշներին, եթե դա արժեր 200-ից 250 միլիոն: Մենք չունենք դատարան և հասնելու ենք Եվրադատարան»:










































