Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն իր ենթականերին լիազորել է համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ՝ մինչև մեկ միլիարդ եվրոյի վարկ ստանալու մասին։ Համապատասխան հանձնարարականը հինգշաբթի հայտնվել է նրա պաշտոնական կայքում։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti–ն։
Փաստաթղթում ասվում է Ուկրաինայի՝ որպես փոխառուի, Ուկրաինայի Ազգային բանկի՝ որպես փոխառուի գործակալի և Եվրամիության՝ որպես վարկատուի միջև վարկային համաձայնագրի, ինչպես նաև ԵՄ-ի հետ «Փոխօգնության մասին հուշագրի» ստորագրման անհրաժեշտության մասին։ Ըստ համաձայնագրի՝ Կիևը Եվրամիությունից կստանա «մակրոֆինանսական օգնություն» մինչև 1 մլրդ եվրո գումարի չափով։
Անցած շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհուրդը հավանություն տվեց Ուկրաինայի համար 17,01 մլրդ դոլար ծավալով stand by երկտարյա ծրագրին։ Մայիսի 7-ին առաջին տրանշը՝ 3,2 մլրդ դոլարի չափով, փոխանցվեց Ուկրաինայի Ազգային բանկի հաշվին։










































