«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, երեկ հանդիպել են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հ. Աբրահամյանը հոկտեմբերի 29-ին մեկնել է Չեխիայի Հանրապետություն և վերադարձել է ընդամենը երեկ առավոտյան: Վերադարձի ճանապարհին, Հ. Աբրահամյանի և իր պատվիրակության համար բավական անսպասելի, օդանավ է բարձրացել Ռ. Քոչարյանը: Մեր տեղեկություններով, նրանք Երևան են հասել՝ իրար կողքի նստած ու զրուցելով: Թե ինչ են զրուցել ԱԺ նախագահն ու նախկին նախագահը՝ դեռ պարզ չէ:
Հիշեցնենք, որ Հ. Աբրահամյանի հարաբերությունները Ռ. Քոչարյանի հետ բավական լարված են: Հ. Աբրահամյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խնամին է, և ինքն է ապահովում նրա և Սերժ Սարգսյանի բանակցությունները: Հ. Աբրահամյանը երաշխավորն է այն խոստման, որ նախագահական ընտրություններին իր խնամին պետք է սատարի Ս. Սարգսյանին կամ ընտրվի երկուստեք հարմար տարբերակ: Բայց ո՛չ երբեք՝ Ս. Սարգսյանի վերահսկողությունից դուրս ինչ-որ գործընթաց: Հակառակ դեպքում ԱԺ նախագահին կարող է սպասվել այդ պաշտոնից երկրորդ հրաժարականը:
Հայտնի է նաև, որ Ռ. Քոչարյանն էլ իր հերթին ցանկանում է վերահսկողության տակ պահել Գ. Ծառուկյանին, և այդ ճանապարհին, հավանաբար, նրան խանգարում է Հովիկ Աբրահամյանը: Չի բացառվում, որ օդանավում ԱԺ նախագահն ու նախկին նախագահը հենց այդ թեմաներն են քննարկել:










































